Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի պաշտոնում առաջադրված Գիորգի Գախարիան խորհրդարանում ելույթ է ունեցել տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ նշելով, որ Վրաստանի շահերից է բխում տարածաշրջանում ամրապնդել իր ռազմավարական գործընկերների ներկայությունը:
«Վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն ավելացել կամ աճել է: Ստեղծված իրավիճակում Վրաստանի շահերից է բխում ամրապնդել իր ռազմավարական գործընկերների ներկայությունը տարածաշրջանում»,- ասել է Գիորգի Գախարիան:
Նա նշել է, որ ներկայումս տարածաշրջանում իրավիճակը կարելի է քննարկել բավականին զգուշորեն, քանի որ, ցավոք, վերջնական արդյունքները ոչ մեկի համար տեսանելի չեն:
«Ժամանակ կպահանջվի՝ տեսնելու համար այն փոփոխությունների վերջնական ուրվագիծը, որն անհրաժեշտ են Վրաստանին՝ հստակորեն արտահայտելու իր դիրքորոշումը այդ փոփոխությունների վերաբերյալ: Սակայն ակնհայտ է, որ, տարածաշրջանում Վրաստանի անվտանգության շահերի տեսանկյունից, մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ամրապնդելու համար»,- ասել է Գախարիան:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման հետ կապված՝ Վրաստանը «կարողացավ չեզոքություն պահպանել, ինչը հնարավորություն տվեց պահպանելու բարիդրացիական հարաբերություններ մեր հարևանների հետ»:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Վրաստանը հայտարարել էր, որ փակում է Հայաստան և Ադրբեջան ուղևորվող այն ինքնաթիռների թռիչքը, որոնք նոր սպառազինություն են տեղափոխում երկու երկրներ, սակայն հետագան ցույց տվեց, որ այդ արգելքը վերաբերում էր միայն Հայաստանին, իսկ Ադրբեջանը բազմիցս տարբեր տեսակի ռազմական նշանակության ինքնաթիռներով բեռներ էր տեղափոխում վրացական օդով։