կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-26 13:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենակ ես չէ, հազարավոր մարդիկ են ճակատում եղել ու շատ լավ տեսել են՝ ինչ է կատարվում․ ՀՅԴ անդամ

Մենակ ես չէ, հազարավոր մարդիկ են ճակատում եղել ու շատ լավ տեսել են՝ ինչ է կատարվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Արսեն Մարդոյանը, ով պատերազմի առաջին օրից եղել է առաջնագծում ու վերադարձել վիրավորում ստացած։

Նա նշեց, որ ճակատ գնալը գլուխ գովալու բան չէ, պարտականություն է հայրենիքի նկատմամբ, բայց ով գնացել է՝ իր աչքով է տեսել այն խայտառակությունը, ինչ կատարվել է, դեմ են դրան և եթե անգամ դեռ դուրս չեն եկել բողոքի, հաստատ դուրս են գալու։

Արսեն Մարդոյանը և այլ ցուցարարներ այս պահին ԱԺ դիմաց են և ներսում քննարկում անցկացնող՝ «Իմ քայլի» պատգամավորներից պահանջում են չեղարկել ռազմական դրությունը։

«Այս ռազմական դրությունը երկար պահելը զուտ նրա համար է, որ տեղի ունեցած դավաճանության դեմ բողոքի ձայնը խեղդեն, ուրիշ ոչ մի պատճառ չկա»,-ասաց ՀՅԴ անդամը։

Փաշինյանի հայտարարությունը, թե՝ ընդդիմության կոչերը հանրության շրջանում արձագանք չեն գտնում, Արսեն Մարդոյանը սուտ է համարում, ասում է՝ հասարակական մեծ պահանջ կա Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի, որովհետև չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել, բոլորը լավ են հասկանում ինչ տեղի ունեցավ։

«Իշխանություններն իրենց տներում նստած ֆեյսբուքի քոմենթներով փորձում են տեսնել, թե հասարակության մեջ ինչ է կատարվում և այդ քոմենթների 90 տոկոսն իրենց ֆեյքերն են գրում»,-ասաց նա։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը երեկ հարցազրույցում ասաց՝ տարածքներ չենք հանձնել, մարտի դաշտում են կորսվել․ Մարդոյանը հակադարձում է՝ մի հատ ինձ կարող ե՞ք ասել՝ քանի տարածք ենք մարտի դաշտում կորցրել և քանիսն ենք հենց այնպես  հանձնել։

«Կա հասարակական մեծ ճնշում, իսկ ռազմական դրությունը զուտ այդ պատճառով է երկարացվում, որ մարդիկ դուրս չգան և իրենց բողոքի ձայնը չբարձրացնեն»,-ասաց նա։

Ոստիկանության ներկայությունը ցուցարարների թվի հետ շատ անհամաչափ է՝ նշեց նա, եղել են դեպքեր, երբ բիրտ ուժ են կիրառել և անգամ հասկանալի չի եղել՝ ոստիկա՞ն են, թե՞ ովքեր են, բայց ԱԺ-ի դիմաց կանգնած ոստիկաններից նման մոտեցում չեն տեսել։

Եթե անգամ ԱԺ-ն այսօր էլ չչեղարկի արտակարգ դրությունը, Արսեն Մարդոյանն ասաց՝ շարոնակելու են ցանկացած քաղաքակիրթ միջոցով պայքարել․ «Այսօր չի հաջողվի, վաղը կհաջողվի, բայց այն, որ մենք մինչև վերջ այս պայքարը տանելու ենք, դա միանշանակ է»։

Մանրամասն՝ տեսանյութում․