կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 14:15
Քաղաքական

ՀՀ-ի՝ ԵԱՏՄ մուտքին դեմ է եղել ԱԳ նորանշանակ նախարարը ևս

ՀՀ-ի՝ ԵԱՏՄ մուտքին դեմ է եղել ԱԳ նորանշանակ նախարարը ևս

Նոյեմբերի 18-ին վարչապետի առաջարկով ՀՀ նախագահը Արա Այվազյանին նշանակեց ՀՀ արտաքին գործերի նախարար:

Նախկինում տարբեր, հիմնականում՝ արևմուտքի երկրներում արտակարգ և լիազոր դեսպանի աշխատանքային կենսագրությամբ սույն դիվանագետն ամենևին ոչ պատահականորեն հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Արա Այվազյանի աշխատանքային գործունեության մասին մամուլում շրջանառվեցին բազմաթիվ տեղեկություններ: Հայտնի է նաև հետևյալը՝ նա դեմ է եղել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Դա են փաստում նրա կողմից հնչեցված քննադատական խոսքերը Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու՝ Հայաստանի Հանրապետության որոշման մասին հայտարարության առիթով: Այդ քննադատությունը նա հնչեցրել է ոչ պաշտոնական շրջանակում՝ Արցախում տեղի ունեցած՝ դեսպանների հավաքի ժամանակ:

Արա Այվազյանն է՞լ է Նիկոլ Փաշինյանի օրինակով փոխել հայացքները և այժմ կողմ է ՀՀ-ի՝ ԵԱՏՄ մուտքին, իսկ եթե չի փոխել՝ ինչպե՞ս է պատկերացնում այս ծանրագույն հատվածում իր հակառուսական հայացքներով աշխատանքներ տանելը Այսրկովկասում օրավուր իր ռազմական հենակետերն ավելացնող և Արցախի բեկորների անվտանգության երաշխավոր Ռուսաստանի  Դաշնության հետ, առայժմ պարզ չէ:  

Արա Այվազյանը և՞ս կհամալրի ՌԴ-ի կողմից վստահություն չվայելող այն պաշտոնյաների շարքը, որտեղ իրենց պատվավոր տեղն ունեին կամ ունեն Փաշինյանի իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Ս. Լավրովի հետ նրա հարաբերությունները զուտ արարողակարգայի՞ն կլինեն, թե՞ խորը աշխատանքային, պարզ կդառնա առաջիկայում:  

Հայտնի է մի բան՝ ՌԴ-ն ամեն ինչ և ամենքին լավագույնս ճանաչում է, և հայկական կողմի կապկումները ՌԴ-ի համար վաղուց արդեն վերածվել են ծիծաղաշարժ ներկայացումների:

Վ. Սարգսյան