Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում կորոնավիրուսի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, սակայն առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ, վերջին տվյալների համաձայն, 4 հազար 109 թեստից արձանագրվել է 1589 նոր դեպք: Նախարարը նկատել է, որ ընդհանուր թեստերի մեջ տոկոսն է իջնում, բացարձակ թիվն է իջնում:
«Ամեն դեպքում հերթի մեջ եղած մեր քաղաքացիների թիվը մեծ է: Այսօրվա տվյալներով` հոսպիտալացման հերթի մեջ ունենք 375 քաղաքացի: Նրանցից շատ ծանրը 25-ն են: Հավանաբար, կկարողանանք նրանց օրվա մեջ հոսպիտալացնել: Ասեմ, որ օրեր առաջ հերթում սպասողների թիվը 800-ից ավելին է եղել, ինչպես տեսնում ենք այստեղ ևս նվազում կա: Այո, տարբեր ցուցանիշներում նվազում նկատվում է, սակայն հոսպիտալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը չի թուլանում: Ծանր դեպքերը երկար են պառկում, շաբաթներ են տևում, համակարգի վրա դեռ թեթևություն չենք զգում»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ այս դրական դինամիկան նույնպես հարաբերական է: Արդեն քանի օր է՝ բացվել են կրտսեր դասարանները, երեխաները հաճախում են դպրոց, ինչ-որ մի փուլում կարող են գնալ միջին, ավագ դպրոցի բացմանը, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է: Կորոնավիրուսի ուղղությամբ ծավալված բոլոր բուժհաստատություններն աշխատում են իրենց առավելագույնով: Նախարարի խոսքով՝ այս փուլում ամենամեծ խնդիրներից մեկը թթվածինն է, որը մատակարարվում է բժշկական կենտրոններին: Հոսպիտալացված քաղաքացիների մեծ մասի համար առաջնային է թթվածինը: Առանց թթվածնի, ըստ նախարարի, դեղորայքը ոչ մի օգուտ չի կարող տալ:
«Շուտով կստանանք թթվածնի մի քանի կայաններ: Դեկտեմբերի վերջին ևս 4 մեծ կայան կունենանք: Ասեմ, որ մայիս-հունիս ամիսներին բազմաթիվ կայաններ գնել էինք, սակայն այսպիսի մեծ թվերի կանխատեսում քանի որ չունեինք, եղածի վրա կանգ էինք առել: Այս թվերի մեծ լինելը պայմանավորված է ոչ միայն բնական աճով, այլև ռազմական դրությամբ, որի հետևանքով շատ դեպքերում կանոնները չպահպանվեցին: Պետք է փորձենք այս շարունակական մարտահրավերը դիմագրավել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք չգիտենք, թե այս մարտահրավերի ավարտը երբ է լինելու»,- ասել է նա:
Չթուլանալ, շարունակել աշխատել մինչև լուծում գտնվի կա՛մ պատվաստումով, կա՛մ դեղորայքով. նախարարը երկրորդ տարբերակի հավանականությունն ավելի քիչ է համարում, փոխարենը նկատում է, որ պատվաստանյութի մասով արդեն որոշակի տեղաշարժեր կան: Աշխատանքներ տարվում են, ձեռք բերելու պայմանավորվածություններ կան, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, Հայաստան կհասնեն գարնան կեսերին:
Ինչ վերաբերում է թեստերին, ապա Արսեն Թորոսյանն ասել է, որ թեստերի պակասի խնդիր երկիրը չունի, շարունակում են բացվել նաև թեստավորում իրականացնող նոր լաբորատրիաներ: Վերջին շաբաթում երկու նոր լաբորատորիաներ են բացվել: