կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 10:59
Քաղաքական

Պոմպեոն կարծում է, որ Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում

Պոմպեոն կարծում է, որ Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում

Մինսկի խումբը պետք է հիմք հանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործողությունների համար: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է երկուշաբթի Le Figaro թերթին տված հարցազրույցում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ Փարիզում բանակցությունների ավարտից հետո:

«ԱՄՆ-ը Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահներ են, որոնց հիմնական նպատակն է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հենց այս շրջանակներում պետք է իրավիճակը կարգավորվի»,- ասել է Պոմպեոն:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը «մտահոգ է Թուրքիայի ռազմական ներուժի աճով»: «Մենք այդ մտահոգությունը հայտնել ենք ինչպես անձնական հանդիպումների ընթացքում, այնպես էլ՝ հրապարակավ: Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է աշխատեն համոզել Էրդողանին, որ իր նմանատիպ գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից»,– շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Նախագահ Մակրոնի հետ մենք երկար քննարկել ենք Թուրքիայի վերջին գործողությունները և պայմանավորվել, որ դրանք շատ ագրեսիվ են՝ լինի Ադրբեջանին սատարելու, թե տարածաշրջանում սիրիական ուժերի տեղակայմանը նպաստելու հարցում: Մենք նաև քննարկել ենք Լիբիայում Թուրքիայի գործողությունները, որտեղ այս երկիրը նաև նպաստել է երրորդ երկրների կազմավորումների տեղակայմանը: Քննարկվել են նաև Թուրքիայի գործողությունները Արևելյան Միջերկրականում: Այս ցուցակը կարելի է շարունակել»,- ասել է Պոմպեոն:

Ըստ նրա՝ ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ այդ հակամարտությունների միջազգայնացումը խորտակիչ և վնասակար է բոլոր երկրների համար: «Այդ պատճառով մենք դիմել ենք բոլոր պետություններին` խնդրելով դադարեցնել միջամտությունները Լիբիայում. խոսքը Ռուսաստանի, Թուրքիայի և այլոց մասին է: Նույնը վերաբերում է Ադրբեջանում տիրող իրավիճակին»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը: