կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 20:08
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ստացել եմ ապօրինի հրաման, բայց չեմ կատարել․ Օսիպյանը միացավ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

Արցախի հողերը հանձնելու դեմ և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթի մասնակիցներին է միացել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա ոստիկանապետ էր նշանակվել Հայաստանում թավշյա հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի՝ առաջին անգամ վարչապետ դառնալուց հետո՝ 2018 թվականի մայիսի 10-ին: Փաշինյանը այս որոշումը որակել էր սիմվոլիկ՝ ասելով, որ լավ սիմվոլ է, որ փորձենք փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել։ Սակայն 2019-ի սեպտեմբեր 18-ին նրան ազատեցին պաշտոնից՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

«Պատերազմը սկսվելուն պես ես վերադարձել եմ ՀՀ, փորձել եմ որպես գեներալ, բարձրաստիճան սպա օգտակար լինել մեր հայրենիքին։ Բայց չգնացի, քանի որ վարակվեցի կորոնավիրուսով։ Հիվանդանոցում էի, դուրս եմ գրվել, հիմա բուժում եմ ստանում տանը։ Բայց այսօր նպատակահարմար գտա գտնվել ժողովրդի կողքին, որովհետև բոլորդ գիտեք՝ Օսիպյանը միշտ եղել է ժողովրդի կողքին»,-ասաց Վալերի Օսիպյանը։

Նա նշեց, որ ձերբակալվածների մեջ էլ ինքն ունի ընկերներ։

Լրագրողները Օսիպյանին հիշեցրին, որ Փաշինյանից գեներալի կոչում է ստացել և հիմա միացել է նրա հրաժարականը պահանջողներին։ «Գեներալի կոչումը ես Փաշինյանից չեմ ստացել, ես ստացել եմ Հայաստանի Հանրապետությունից»,-պատասխանեց նա։

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ Փաշինյանը հրաժարական կտա, Օսիպյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ անհնարին բան չկա»։

Անդրադառնալով իշխող թիմի մեղադրանքներին, որ հանրահավաքը նախկիններն են կազմակերպել, Օսիպյանն ասաց՝ ՀՀ քաղաքացին քաղաքացի է, ի՞նչ կապ ունի, նախկինում էլ եղել են պիտանի քաղաքացիներ և սրիկաներ, ներկա իշխանության մեջ էլ կան սրիկաներ։

Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ինքն այստեղ՝ ժողավրդի մեջ է, որպեսզի որևէ բախում տեղի չունենա, որովհետև տարիներ շարունակ այնպես է արել, որ բախումներ չլինեն։

Նա նշեց, որ Արթուր Վանեցյանին ճանաչում է շուրջ 25 տարի։

Հարցին իր պաշտոնավարման ժամանակ նա ևս Վանեցյանի նման ապօրինի հրաման է ստացել, Օսիպյանն ասաց․ «Ես ստացել եմ ապօրինի հրաման, բայց չեմ կատարել»։

Մանրամասն՝ տեսանյութում․