կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-25 15:01
Աշխարհ

Ավստրալիայում փրկել են ափ նետված մոտ 100 դելֆինի

Ավստրալիայի Տասմանիա նահանգի արեւմտյան ափերին առնվազն 94 սեւ դելֆիններ են դուրս նետվել: Այս մասին հաղորդում է ABC-ն:

Ողջ մնացած դելֆիններին փրկելու գործողությունը շարունակվում է արդեն մի քանի օր: Աշխատանքներում ներգրավված են տասնյակ փրկարարներ ու կամավորներ: Հինգշաբթի երեկոյան փրկված կենդանիների թիվը հասել էր 88-ի, ևս 6-ը փրկվել էին ուրբաթ առավոտյան: Հաղորդվում է, որ իշխանությունները հույս ունեն փրկել եւս 12 դելֆին:

Ավելի վաղ կենսաբան Քրիս Քարլայոնը հայտարարել էր, որ ափին հայտնված դելֆինների քանակը ռեկորդային էր Տասմանիայի համար: Փորձագետները դեռ փորձում են պարզել պատճառը:

Գրինդներ կամ սեւ դելֆիններ՝ ծովային կաթնասուններ. նրանց մարմինը հասնում է 8,5 մետր երկարության, ամբողջությամբ ներկված է սեւ գույնի, բացառությամբ խարիսխի տեսքով կզակի տակ գտնվող սպիտակ բծերի: Դելֆինը կշռում է միջինը 800 կիլոգրամ, սակայն հանդիպում են նաեւ ավելի քան 2 տոննա կշռող դելֆիններ: Գրինդի տարբեր տեսակներ ապրում են գրեթե ամբողջ աշխարհում՝ ինչպես տաք արեւադարձային ծովերում, այնպես էլ Հյուսիսային Եվրոպայի ափերին:

Կետերն ու դելֆինները հաճախ են ափին մոտ լողում: Դա հիմնականում տեղի է ունենում ամռան ամիսներին, երբ կաթնասունների հոտերը գաղթում են Անտարկտիկայի ջրեր կամ այնտեղից վերադառնում կղզու ափերի մոտ: Որպես կանոն՝ եթե մեկ գրինդն  ափ է դուրս գալիս, մյուսները փորձում են օգնել նրան և, ի վերջո, կիսում են նրա ճակատագիրը: