կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-23 11:57
Մշակույթ

Երիտասարդ դաշնակահարները ներկայացել են Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ելույթով

Հայ ճանաչված կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-րդ հոբելյանի առթիվ երկու երիտասարդ դաշնակահարներ ներկայացել են ինքնատիպ ելույթով։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը (ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան) սեպտեմբերի 23-ին՝ անվանի կոմպոզիտորի ծննդյան օրը, համացանցում զետեղել են Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի կողմից համատեղ գրված «Հայկական ռապսոդիա» և «Տոնական» ստեղծագործությունները՝ դաշնակահարներ Արմեն Պուչինյանի և Արթուր Գրիգորյանի կատարմամբ։ 

Հատկանշական է, որ այս գործերը հեղինակել են հայ կոմպոզիտորական դպրոցի գագաթները։

Բացի այն փաստից, որ սեպտեմբերի 23-ը Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրն է, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմում է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, ինչն առավել խորհրդանշական է դարձնում ծրագրային ընտրությունը։

«Հայկական ռապսոդիա»-ն երկու դաշնամուրների համար գրված ստեղծագործություն է, որը դասվում է դաշնամուրային խոշոր կոնցերտային ստեղծագործությունների շարքը։ Գրվել է 1950 թվականին։ Երաժշտական ստեղծագործության ոճը հիմնականում բնորոշվում է երկու կոմպոզիտորների ստեղծագործական անհատականությամբ։ «Տոնական» ստեղծագործությունը նույնպես երկու կոմպոզիտորի համատեղ արգասիքն է։

#Ֆիլհարմոնիա#Philharmonia