կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-11 14:30
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեղափոխական տղաների շնորհիվ պարոն մարզպետն աթոռ է վայելում, ի՞նչ է գտել թալանչու մեջ․ եղեգնուտցիները բողոքում են

Վարչապետը մեզ խոսք ունի փոխանցելու Նաիրի Սարգսյանի միջոցով. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեցին Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի առջև։

Նրանք հայտնեցին, որ  հանդիպելու են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ:

«Երեք հոգով մի քանի րոպեով մտնում ենք ներս, լսում վարչապետի հայտնած դիրքորոշումը, դուրս գալիս ու կիսվում մեր տպավորություններով»,- հայտնեցին եղեգնուտցիները։

Նրանք արդեն մի քանի ամիս բողոքի ակցիաներով պայքարում են, որ նախկին գյուղապետը չվերադառնա նույն պաշտոնին:

«Նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, որը 34 տարի ղեկավարել է գյուղը, հիմա ունի կնիք, դեղատան շենքը դարձրել է գյուղապետարան, մարդկանց թղթեր է տալիս, կնքում է, ասում է՝ գյուղապետն եմ: Չգիտենք, թե ով է իրեն տվել այդ լիազորությունները, թե՞ ինքնակամ է անում: Ինքնահռչակ գյուղապետ է»,- ասաց ավագանու անդամ Անտոն Խուրշուդյանը։

Հարցին, նրա համոզմամբ, լուծում կարող է տալ միայն վարչապետը, իրենց հույսը նա է։ «Նժարի մի կողմում ժողովուրդն է, մյուս կողմում՝ նախկին գյուղապետը»,- ասաց Խուրշուդյանը:

Եղեգնուտցիները կարծում են, որ նախկին գյուղապետն այդ ամենն անում է մարզպետի թույլտվությամբ։ «Մարզպետը չի հանդիպել ժողովրդի հետ, ստել է, որ հանդիպել է ավագանիների հետ: Խաբելով, ստելով իշխանություններին՝  հասել ենք այս աստիճանի՝ գյուղում երկու գյուղապետարան է բացվել, մարդիկ ասում են՝ երրորդն են բացելու»,- ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանը։

Եղեգնուտցիներն ասացին՝ մարզպետը խառնել է իրենց գյուղը, չի թողնում գյուղը շնչի: «Թե ի՞նչ է գտել այդ թալանչու մեջ, որ ուզում է հետ բերի: Հազիվ է պրծել ժողովուրդը հանրապետական գյուղապետից: Հեղափոխական տղաների շնորհիվ պարոն մարզպետն այսօր աթոռ է վայելում»,- ասաց մի ցուցարար:

Եղեգնուտի ղեկավարի հերթական ընտրությունները 2021 թվականի աշնանն են:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների միջոցով եղեգնուտցիները ստիպել էին  համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին՝ 2018-ի հուլիսի 2-ին հրաժարական տալ։ Արմավիրի՝ այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը: Ռազմիկ Մարգարյանը դատական կարգով վերականգնել էր իր պաշտոնավարումը նախկին պաշտոնին։ Եղեգնուտցիները դեմ են։ Ավագանին փորձեց հարցի լուծմանը հասնել տեղական հանրաքվեով, սակայն ԿԸՀ-ն կարճեց ավագանու  անդամներ Ռազմիկ Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի, Մարտուն Մկրտչյանի և Անտոն Խուրշուդյանի՝ հուլիսի 27-ին դիմումով հարուցված վարչական վարույթը:

Մանրամասն՝ տեսանյութում: