Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր հասարակությանը 2 տարի շարունակ ասում էին՝ նոր ավտոբուսներ են պատվիրելու, նոր ցանց, մինչդեռ իշխանությունը պատվիրում է «ԳԱԶել»-ներ․ ըստ Yerkir.am-ի՝ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ մամուլի ասուլիսում ներկայացնելով Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխման իրական վիճակը։
Այսօր մեկնարկում է մրցույթը, որի մասին վերջին շրջանում խոսում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Միայն թե տեխնիկական բնութագրերը, որոնք նախատեսվում են մրցույթով, վկայում են, որ «մահաբեր ԳԱԶելներից» չեն հրաժարվելու՝ նկատեց Խաժակյանը։
«Մրցույթի մասնակիցների բերած ավտոբուսները պետք է համապատասխանեն հետևյալ բնութագրերին՝ դասը պետք է լինի փոքր տեղատարողության՝ նվազագույնը 14 նստատեղ, 4 կանգնած ուղևոր, առավելագույնը՝ 17 նստատեղ, եթե խոսքը մեկ դուռ ունեցող տրանսպորտի մասին է։ Խոսքը «ԳԱԶելի» մասին է, որը պատրաստվում է պատվիրել այս իշխանությունը։ Այսինքն՝ 2 տարի ասում էին՝ նոր ավտոբուսներ, մինչդեռ իշխանությունը գնում է «ԳԱԶել»-ների պատվիրման»,- ասաց նա։
Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ տրանսպորտային ցանց էր նախագծվել, վճարվել էր 850 հազար եվրո, և այդ ցանցն ուներ որոշակի պարամետրեր, որոնք հայտնի են։ Այդ փաստաթուղթը մինչև այսօր էլ կա։ Եվ այդ փաստաթղթի համաձայն՝ նոր տրանսպորտային համակարգում նախատեսված է ներառել երեք չափի ավտոբուսներ․ առաջինը՝ ամենամեծը, 18 մետրանոց է՝ 150 ուղևորով, երկրորդ չափը 12 մետրանոց է՝ 90-100 ուղևոր, երրորդ չափը՝ 7,5-8,5 մետր տարողությամբ՝ 45-55 ուղևոր․ «Այսինքն՝ մեր նոր տրանսպորտային համակարգում, որն ընդունել է քաղաքապետարանը և վերջնական վճարումները կատարել է, սա է»,- նշեց Խաժակյանը։
Այս նախագծի էությունն այն է, որ 4 միկրոավտոբուսները պետք է փոխարինվեին միջին չափի 1 ավտոբուսով։
«Հասկանալի է, որ մեծ տարողության ավտոբուսները էլ ավելի շատ են փոխարինում միկրոավտոբուսներին։ Նոր ցանցում հստակ երթուղիները կան, պաշտոնական փաստաթուղթն առկա է»,- ասաց Խաժակյանը։
Նա ընդգծեց, որ Երևանի զարգացման 5-ամյա ծրագրում, որն ընդունել է քաղաքային այս իշխանությունը, սևով սպիտակի վրա գրված է, որ պետք է բացառվի միկրոավտոբուսների շահագործումը, և դրանք պետք է փոխարինվեն միջին և մեծ տեղատարողության քաղաքային ավտոբուսներով։
«Այս իշխանությունը մեզ խոստացել է, որ «ԳԱԶել»-ներից պետք է ազատվել»,- նշեց Խաժակյանը և ներկայացրեց տեսանյութ, որում Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խոսում է ավտոբուսի միջից և վստահեցնում, որ «ԳԱԶել»-ները կփոխվեն, նաև՝ հեռուստառեպորտաժից մի հատված։
Նա հիշեցրեց Հայկ Մարությանի այցը Բրյուսել, որտեղ նա մասնակցել էր տրանսպորտային ցանցերի ցուցահանդեսի, և նրա վստահեցումը, որ ավտոբուսների մրցույթը հայտարարվել է։
«Եթե քաղաքային իշխանությունը հաշվետու է և ասում է, որ հայտարարվել է հարյուր ավտոբուսի մրցույթ, պետք է ազնիվ գտնվի և հայտարարի, որ այդ մրցույթը չի կայացել։ Եթե մենք պետք է սպասենք, որ գոնե եկող տարի այդ 12-մետրանոց ավտոբուսների մրցույթը պետք է կայանա, և ավտոբուսները գան, ապա պետք է ասեին, որ մրցույթը չի կայացել»,- մտահոգություն հայտնեց Դավիթ Խաժակյանը։
Մինչդեռ քաղաքապետարանում ավտոբուս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար քննարկում է անցկացվում, բայց այդ մրցույթը չի կայացել։
Մարությանի խոսքը, թե՝ այն, ինչ անհնար էր թվում 1 տարի առաջ, հիմա իրականություն է, Դավիթ Խաժակյանին անհեթեթ է թվում, քանի որ, ըստ նրա, այսօր հայտարարվող մրցույթով պատվիրվելու են նույն «ԳԱԶել»-ները, որոնք այսօր էլ սպասարկում են մեր հանրությանը, իսկ 850 հազար եվրո արժեցած՝ տրանսպորտային նոր ցանցի նախագիծն այդպես էլ մնում է «թղթի վրա»։
Մանրամասն՝ տեսանյութում: