կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 16:52
Մշակույթ

«Ֆրեսկոն» հատեց եզրագիծը

«Ֆրեսկոն» հատեց եզրագիծը

 Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում սեպտեմբերի 1-ին «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի վերջին օրն էր. ցուցադրվեց Աննա Հարությունյանի «Անիկո» գեղարվեստական ֆիլմը, որն արժանացել է «Ֆրեսկո» 2020-ի լավագույն լիամետրաժ ֆիլմ մրցանակին։ Դիտում-քննարկմանը ներկա գտնվեց հենց ռեժիսորը, ով ներկայացրեց ֆիլմը և վերջում պատասխանեց ներկաների հարցերին։ Աննա Հարությունյանի խոսքով՝ ֆիլմը ինքնակենսագրական բնույթ ունի և հաճելի փաստ էր, որ փառատոնի շրջանակներում «Անիկո» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել իր ծննդավայր Տավուշում: Արկածախնդիր աղջնակի ակտիվ կյանքն ու պապիկի մասին լավագույն հուշերը մեկ ֆիլմում են ամփոփվել։

Փառատոնն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը մշակութային տոն ստեղծեց՝ անցկացնելով ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետ օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկեց երևանյան ծրագիրը։ Երևանյան համերգային ծրագիրը ևս հագեցած էր՝ օգոստոսի 28-ին անցկացվեց Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը՝ «Ֆրեսկոյի» շրջանակներում, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ: Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր):

 Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ: Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։