Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տրապիզոնի Մաչքա գավառի Ալթընդերե հովտում գտնվող Սյումելա պատմական վանքում հինգ տարի տևած վերանորոգման աշխատանքների պատճառով դադարեցված պատարագը առաջին անգամ կմատուցվի 2020 թ․ օգոստոսի 15-ին՝ ուրբաթ օրը։ Կ․Պոլսո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը չի մասնակցի Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ մատուցվելիք պատարագին։
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հիմնվելով թուրքական «Հաբերթյուրք» պարբերականում հրապարակված տեղեկության վրա։
Աղբյուրը հիշեցնում է, որ 88 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ 2010 թ․ օգոստոսի 15-ին էր ուղղափառ քրիստոնյաներին թույլ տրվել տարին մեկ անգամ պատարագ մատուցել Սյումելա վանքում, սակայն ժայռից ընկնելու վտանգի հետևանքով 2015 թ․ սեպտեմբերի 22-ին այն փակվել էր այցելուների առջև։
Վերանորոգման աշխատանքներ էին սկսվել, որի պատճառով Սյումելա վանքում 2015 թ․ ի վեր պատարագ չէին կարողանում մատուցել։ Ի վերջո, հուլիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սյումելա վանքի վերանորորգման աշխատանքների ավարտից հետո հեռուստակոնֆերանսի միջոցով նշել է․
«Մեր ուղղափառ քրիստոնյա քաղաքացիներին ցանկանում եմ հայտնել, որ այս տարի՝ օգոստոսի 15-ին, Սյումելա տաճարում կարող են մատուցել Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնի պատարագը»։
Էրդողանի հայտարարությունից հետո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը զանգահարել է Թուրքիայի նախագահին և շնորհակալություն հայտնել, որ Սյումելա վանքը վերանորոգման աշխատանքներից հետո կրկին բացվում է այցելուների առջև։ Նա տեղեկացրել է, որ թագավարակի համաճարակի պատճառով չի մասնակցելու պատարագին և ասել, որ պատարագը մատուցելու են երեք հույն հոգևորականներ։
Ակնկալվում էր, որ այս տարի մատուցվելիք պատարագին այցելուներ կգան նաև Հունաստանից, Ռուսաստանից և Վրաստանից, սակայն համավարակի պատճառով սպասվում է, որ քիչ մասնակիցներ կլինեն։ 2018 թ․ հոկտեմբերի 14-ին Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը վերանորոգման աշխատանքերը տեղում տեսնելու համար Տրապիզոն էր այցելել։
Թուրքիայի զբոսաշրջության ամենանշանավոր կենտրոններից մեկը համարվող և 2015 թ․ հոկտեմբերի 22-ին վերանորոգման աշխատանքերի պատճառով փակված Տրապիզոնի Սյումելա վանքում վերանորոգման աշխատանքերի երկրորդ փուլն անցյալ ամիս էր ավարտվել։
2019 թ․ մայիսի 25-ին այցելելու առջև բացվեց տաճարի առաջին հատվածը մինչև առաջին բակ, որից հետո այն արժանացավ տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների հետաքրքրությանը։ Վերանորոգման աշխատանքները կատարվել են 24 լեռնագնացից և հինգ ճարտարապետներից բաղկացած թիմի կողմից։
Մեծ չափերի ժայռաբեկորների ամրությունն ապահովելու նպատակով կատարված վերանորոգման աշխատանքերի շրջանակներում ժայռը պահող պատնեշներ են կառուցվել։
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net