Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 1-ից համացանցի վրա է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի 8-րդ համարը: Ամսագիրը թերթելով նկատելի է, որ վերջինիս էջերում հիմնականում ներկայացված են Սեւրի պայմանագրի թեման եւ երիտասարդությանը նվիրված հրապարակումներ:
«Դրօշակ»ի այս համարի «Հարցազրույց» խորագրի հյուրը ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գեւորգյանն է։ Ընդգրկուն այս հարցազրույցում խոսակցության հիմնական բաժինը նվիրված է երիտասարդության դերին եւ անելիքներին։ Դաշնակցության Բյուրոյի անդամը, մասնավորապես, ներկայացնում է ՀՅԴ ուսանողական ու երիտասարդական միությունների բազմաճյուղ աշխատանքները, այն անդադրում ջանքերը, որ ՀՅԴ գաղափարական երիտասարդությունը, հայաստանյան եւ սփյուռքյան իր թեւերով, որպես մեկ ամբողջական մարմին, իրականացնում է հայության աշխարհատարած միջավայրում։ Հարցազրույցը, սակայն չի սահմանափակվում միայն այս թեմայով։ Արձագանքելով պաշտոնաթերթի հարցերին Հովսեփ Տեր-Գեւորգյանը անդրադառնում է հայրենիք-սփյուռք ներկա փոխհարաբերությունների, Հայաստանի ներքին կյանքի մտահոգիչ խնդիրներին։ Կարծում ենք ընթերցողը հետաքրքրությամբ կծանոթանա ծավալուն հարցազրույցում տեղ գտած այս եւ այլ լուսաբանումների ու գնահատականների հետ։
Երիտասարդության թեման է տեղ գտել նաեւ Վաչե Բրուտյանի հեղինակած առաջնորդողում, որն ուշագրավ անդրադարձ է 1970ականներին Սփյուռքում տեղի ունեցած վերազարթոնքի շարժմանը եւ ազգային իրավունքների համար պահանջատիրական նորօրյա պայքարին, որի առանցքում, մասնավորապես, քաղաքականացված երիտասարդության ներգրավումն էր հին պայքարի նոր ասպարեզ: Գաղափարական այս կազմակերպված շարժման փուլից սկսելով Վ. Բրուտյանը անցում է կատարում ժամանակակից աշխարհի հիմնահարցերին եւ այն մարտահրավերներին, որոնք ծառացած են այսօրվա հայ երիտասարդության առջեւ: Ոչ պատահականորեն «Դրօշակ»ի ներկա թվի հեղինակների մի մասը նույնպես երիտասարդներ են:
Սևրի Դաշնագրի հարյուրամյակը, որը լրանում է սույն թվականի օգոստոսի 10-ին, «Դրօշակ»ը կարեւորել է մի քանի հետաքրքրական հոդվածներով, որոնց խորագրերը արդեն իսկ պատկերացում կստեղծեն տվյալ հրապարակումների ասելիքի վերաբերյալ. Սեդօ Պոյաճեան. «Սեւրի դաշնագիրը Հայոց ազգային ուխտին պատուանդանն է»,
Արամ Սայիյան. «Սևրը և քրդերը», Մելինե Անումյան. «Թուրքիայի մղձավանջը. Սևրի պայմանագրի շուրջ թուրքական «գիտական» շրջանակների նոր մոտեցումները» եւ ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ. «Սեւրէն մինչեւ Տաւուշ»:
«Դրօշակ»ը չէր կարող չանդրադառնալ նախորդ ամսվա ընթացքում Տավուշի սահմանագծում տեղի ունեցած ռազմական բախմանը: Տվյալ իրադարձությունները ներկայացրել ու մեկնաբանել է ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը:
Օգոստոսյան համարում տեղ է գտել նաեւ 124 տարի առաջ այս նույն ամսին տեղի ունեցած պատմական կարեւորագույն իրադարձությանը արձագանքող. «Բանկ Օտոմանի գրավումը և «զուգակցված հարվածների» մարտավարությունը Հայկական հարցի և ազատագրական պայքարի համատեքստում» հետաքրքրական հոդվածը, որի հեղինակը «Դրօշակ»ի ընթերցողներին ծանոթ, պատմաբան, Անի Մելքոնյանն է:
Հերթական այս համարով «Դրօշակ»ը փաստում է, որ կարեւորում է բնապահպանության թեման կենտրոնանալով իհարկե Հայաստանի բնապահպանական խնդիրների վրա: ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների հանձնախմբի նախագահ Արեգ Ղարաբեգյանը «Դրօշակ»ի ընթերցողին այս անգամ ներկայացրել է «Կենսոլորտային պահպանավայր. էությունն ու կիրառման անհրաժեշտությունը Հայաստանում» հոդվածը:
«Տարածաշրջանային» խորագրի ներքո կարելի է կարդալ Միքայել Հաջյանի. «Բարեփոխումներ» Ադրբեջանում՝ ընտանեկան միապետության ամրապնդման հեռանկարով» հոդվածը, որում ուշագրավ տեղեկություններ են ներկայացված ադրբեջանական բռնապետական ընտանիքի եւ այս խոհանոցում հնարավոր առաջիկա փոփոխությունների վերաբերյալ:
«Դրօշակ»ի համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:
Ներբեռնել համարը Դրօշակ թիվ 8, 2020