կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 21:53
Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Լոնդոնի Սբ․ Եղիշե եկեղեցում՝ ոգեկոչման արարողություն ի հիշատակ զոհված զինծառայողների

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Լոնդոնի Սբ․ Եղիշե եկեղեցում՝ ոգեկոչման արարողություն ի հիշատակ զոհված զինծառայողների

Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցում հուլիսի 26-ին Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ հատուկ ոգեկոչման արարողություն` ի հիշատակ զոհված զինծառայողների, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի անմեղ ընտանիքներին ու երեխաներին պաշտպանելով Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական ագրեսիաներից՝ հայտնում է Yerkir.am-ը:

Աղոթքները նվիրված էին խաղաղությանը և համերաշխությանը առ հայրենիք և առաջնագծում գտնվող մեր բոլոր զինվորների պաշտպանության և անվտանգության համար:

ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը դիմեց հավաքվածներին. «Այժմ, երբ յուրաքանչյուր աղոթքով պիտի մոմ վառենք Հայոց Սուրբ Նահատակաց այս Խաչքարի մոտ, և Աստծուց հայցենք խաղաղություն մեր երկրի համար, եկեք մեր ուխտը նորոգենք առ մեր հայրենին, և վերստին հաստատենք, որ մենք դեմ ենք բռնությանն ու պատերազմին: Այլև կողմնակից ենք խաղաղության, արդարության եւ համերաշխության ՝ հիշելով և հիշեցնելով, որ «Արաքսը կամուրջներ չի հանդուրժում»… խոսքեր, որ ոչ այսօր են ասուել, ոչ էլ երեկ կամ հարյուր տարի առաջ: Սրանք խոսքեր են, որ հնչել են Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի շուրթերով առավել քան երկու հազար տարիներ առաջ, երբ աշխարհի երեսին չկային շատերի անունները»:

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների անմահ հիշատակին ՝ շեշտելով, որ տղաների հերոսությունը անմահ է: Նշելով, որ վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ արձանագրվում են բռնության դեպքեր և փորձեր, Կիրակոսյանը կոչ արեց մեր հայրենակիցներին ցուցաբերել առավել զգոնություն եւ չտրվել որևէ սադրանքի:

Պատարագին հաջորդեց ՀՄԸՄ-ի երիտասարդ անդամները երթը, հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակի զետեղումը` հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին, ինչպես նաև հայկական Յարխուշտա հայրենասիրական պարի կատարումը՝ «Ախթամար» համույթի կողմից: