կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-26 11:55
Հասարակություն

Վերջին զանգի արարողությունը կսկսվի մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ զոհված զինծառայողների

Վերջին զանգի արարողությունը կսկսվի մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ զոհված զինծառայողների

Վաղը հանրապետության 1400 դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ այս տարի դպրոցն ավարտում է 25 000 աշակերտ, որը համարժեք է նախորդ տարվա ցուցանիշին:

Նա տեղեկացրեց նաև, որ վաղը Վերջին զանգի արարողությունը կսկսվի մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ զոհված զինծառայողների: «Ուղիղ 50 օր առաջ վտանգված էր Վերջին զանգը նշելու հնարավորությունը, բայց մեր հերոս զինվորների կյանքի գնով վաղը կայանալու է այն»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա` այս տարի դրամահավաքի վերաբերյալ ահազանգերը շատ քիչ են եղել` 15 ահազանգ, որոնք եղել են անանուն, և դժվար էր հասկանալ` իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Բացի այդ, ըստ նրա, ծնողներն իրենց ձեռքն են վերցրել Վերջին զանգի կազմակերպման արարողությունը:

«Մի շարք ծնողներ ասում են, որ իրավունք չունենք խանգարելու իրենց երեխաների Վերջին զանգի արարողությանը: Խնդիրն այն է, որ նրանք ավելորդ ճոխությունների մեջ են, բայց դա երեխաների ցանկությամբ է կազմակերպվում: Ավարտական երեկոն դպրոցների մեծ մասում որոշել են նշել, երբ քննություններն ավարտած կլինեն, և կրկին ծնողների նախաձեռնությամբ է լինելու այն»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ վաղը ոստիկանությունն աշխատելու է յուրաքանչյուր դպրոցի հետ, նրանք լինելու են անգամ այնտեղ, որտեղ շրջանավարտները իրենց խնջույքն են կազմակերպելու: