Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապացուցողական բժշկության օքսֆորդյան կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմ Ջեֆերսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսը, հավանորեն, Ուհանի լաբորատորիայում չի ստեղծվել, այն «քնած» վիրուս է եղել և «արթնացել է» բնական գործոնների համապատասխան համադրության պայմաններում. ըստ yerkir.am-ի` գրում է The Daily Telegraph-ը:
«Ես կարծում եմ, որ վիրուսն արդեն կար այստեղ, «այստեղ» ասելով` նկատի ունեմ` ամենուր: Շատ հնարավոր է, որ գործ ունենք քնած վիրուսի հետ, որն ակտիվացել է շրջակա միջավայրի պայմաններում»,- ասել է գիտնականը:
Նա նշել է, որ մինչ Չինաստանում հայտնվելը վիրուսը հայտնաբերվել է աշխարհի տարբեր վայրերում: Օրինակ` անցյալ տարվա մարտին SARS-CoV-2-ի առկայություն է արձանագրվել Բարսելոնայի կոյուղաջրերում: Իտալական Միլան և Թուրին քաղաքների կոյուղաջրերի հետազոտությունը նույնպես ցույց է տվել, որ կորոնավիրուսը եղել է այնտեղ 2019-ի դեկտեմբերին, բրազիլական Ֆլորիանոպոլիսում` նոյեմբերին:
Որպես իր վարկածի եզրակացություն` գիտնականը բերում է Ֆոլքլենդյան կղզիների օրինակը, որտեղ փետրվարի սկզբին գրանցվել էր կորոնավիրուսով վարակի դեպք: «Որտեղի՞ց էր այն եկել»,- հարցնում է Ջեֆերսոնը և կորոնավիրուսի համավարակը համեմատում 1918-1920 թվականների` իսպանական կոչվող գրիպի համավարակի հետ:
«1918-ին Արևմտյան Սամոայի բնակչության 30 տոկոսը մահացավ իսպանական գրիպից, թեև ոչ մի շփում շրջակա աշխարհի հետ չկար»,- նշել է գիտնականը:
Նրա խոսքով` բացատրությունն այն է, որ վերը նշված հիվանդությունների հարուցիչները «ոչ միտեղ չեն գնում և չեն գալիս»:
«Դրանք միշտ էլ եղել են այստեղ, և երբեմն ինչ-որ բան ակտիվացնում է դրանք, գուցե` բնակչության խտությունը կամ շրջակա միջավայրի պայմանները, ու հենց դա պիտի ուսումնասիրենք»,- նշել է Ջեֆերսոնը:
Հիշեցնենք, որ մայիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բացառել էր նոր տիպի կորոնավիրուսի` ոչ չինական ծագման տարբերակը, սակայն հաստատել այն բանի հավանականությունը, որ վիրուսն ավելի վաղ էր տարածվել աշխարհում` աննկատ: