կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 11:43
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր գլխավոր խնդիրը միշտ լինելու է բանակը․ Արայիկ Հարությունյան

Մեր գլխավոր խնդիրը միշտ լինելու է բանակը, մենք ամեն օր պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը եւ 1-2 տարի հետո լուրջ առաջընթաց ենք արձանագրելու այդ ուղղությամբ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ուղիղ եթերում ներկայացնելով Արցախի նախագահի՝ հունիսի 29-ին հրապարկված 2020-2025 թթ ծրագրի դրույթները:

Նա նշեց, որ այն, ինչ վերջին 2-3 տարիների ընթացքում տեսել ենք բանակի մարտունակության, սոցիալ-կենցաղային պայմանների փոփոխության առումով, շարունակվելու է:

«Ամեն ինչ պայմանավորված է տնտեսական աճով ու ցուցանիշներով: Ժամանակին, կարծեմ, 2011-2012 թվականներին ես հայտարարել եմ, որ տնտեսական աճի նվազագույն ցուցանիշը պետք է լինի 8 տոկոսը: Այդպես էլ նախատեսել ենք առաջիկա 5 տարիների համար: Ուզում եմ վստահեցնել, որ դա գերակատարվելու է: Արդեն 2021 թվականին կարող ենք ունենալ երկնիշ տնտեսական աճ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նկատեց, որ թեև ծրագրում նշել է տարեկան 5 հազար աշխատատեղ, բայց շատ ավելին է լինելու․ «Մենք լուրջ աշխատուժի կարիք ենք ունենալու շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման ոլորտներում»:

Շարունակաբար աճելու են նաև աշխատավարձներն ու թոշակները, դա լինելու է ամեն տարի՝ նշեց Արցախի նախագահը:

40 հազար ոռոգովի տարածքներ ունենալու ծրագիրն արդեն սկսված է: Դա, նրա համոզմամբ, հնարավորություն կտա լուրջ դերակկատարություն ունենալ Հայաստանի պարենային անվտանգության պահովման գործում․ «Արցախի դեպքում այդ խնդիրը չունենք, վաղուց լուծել ենք պարենային անվտանգության խնդիրը: Ունենալու ենք առնվազն 10 հազար պտղատու այգի»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ շուտով ներկրելու են ոչխարների գլխաքանակ: Առաջին ներմուծումը կլինի սեպտեմբեր-հոկտեմբերին: Ամեն տարի կփորձեն մինչեւ 50 հազար գլուխ ներկրել:

Բացի այդ, գլխավոր խնդիրներից է լինելու մշակել անմշակ բոլոր հողերը:

«Բոլոր այս ծրագրերի իրականացումը թույլ կտա, որ գյուղատնտեսությունը զարգանա շատ մեծ տեմպերով, որի ականատեսը կլինեն բոլորը: Գյուղոլորտում ներդրվելու է նաեւ ապահովագրական պիլոտային համակարգ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Կարեւոր ծրագրերից է լինելու բնակարանաշինությունը. «Հայտարարել ենք տարեկան 1000 բնակարան, բայց ուզում եմ վստահ հայտարարել, որ շատ ավելին է լինելու: Արդեն կան ներդրողներ, մշակում են ծրագրեր ոչ միայն Ստեփանակերտում, այլև շրջկենտրոններում: Դա զուգորդվելու է սոցիալական ծրագրերով»:

Հայտարարվել է նվազագույնը 80 կմ ճանապարհի կառուցում առաջիկա 5 տարիներին:

«Գյուղական բնակավայրերում մեր խնդիրն է լինելու սալապատման աշխատանքները: Տարեկան 300 հազար քմ սալապատում է լինելու, 5 տարում՝ 500 հազար»,-ասաց նա:

Որ գյուղերում գազ չկա, հոսանքի գինը սեպտեմբերից իջնելու է 14 դրամ՝ նշեց Արցախի նախագահը:

Անվճար բարձրագույն կրթության ապահովելու ծրագիր էլ կա. «Ունենալու ենք ավելի որակյալ կրթություն: Նաև կտեսնեք, թե ինչպիսի բարեփոխումներ ենք կատարելու առողջապահության ոլորտում: Հունվարի 1-ից գործելու է պետպատվերի ծրագիրը, այսինքն բարձրագույն կրթության համար վճարելու է պետությունը»:

Նա ասաց, որ բարձրացվելու են առողջապահական ոլորտի աշխատակիցների աշխատավարձը․ չի բացառվում, որ դա արվի սեպտեմբերից:

«Հավատացեք, որ լավ է լինելու»,-վստահեցրեց Արայիկ Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․