կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 11:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի քանի ամիսը մեկ է նիստ լինում, անընդունելի է․ Դավիթ Սանասարյանի դատը հետաձգվեց

Նիստը չկայացավ անհիմն պատճառներով, բայց նաև այս միջոցով դատավարության մասնակիցներին կոչ եմ անում, որ ժամանակին գան դատարան՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում՝ իր և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննության՝ չկայացած նիստից հետո։

Դատաքննությունը հետաձգվեց հակառակ կողմի պաշտպանի ուշացման պատճառով։

Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ ինքը կես ժամ շուտ եկել է դատարան և մյուսներին էլ նույնն է կոչ անում։

«Համենայն դեպս, ուշացող պաշտպանը արդեն այստեղ էր և կարելի էր ուղղակի անել, որովհետև մի քանի ամիսը մեկ է նիստ լինում, անընդունելի է։ Չեմ ուզում միտում տեսնել, բայց որ դանդաղ են տեղի ունենում նիստերը, էդ շատ վատ է»,-ասաց նա։

Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը նիստի հետաձգման հարցում միտում չտեսավ՝ հիմնավորելով, որ դատարանները գերծանրաբեռնված են աշխատում և այդ հարցը դատավորը բարձրացրել էր նախորդ և դրան նախորդող նիստերին ու խնդրել, որ դատավարության մասնակիցներից ոչ ոք չուշանա․ նման պարագայում միտում փնտրելու հիմքեր չունեն։

«Կարող է լինել դատավորի գերհոգնածություն, լարվածություն, բայց միտում չի կարող լինել»,-ասաց նա։

Պաշտպանը չի կարծում նաև, որ փաստաբանն է միտումնավոր ուշանում, որովհետև, որպես փաստաբան, հասկանում է, որ ամբողջ գիշեր կարող է քննչական գործողության եղած լինի կամ կալանքի։

«Ուղղակի խնդիրն այն է, որ մենք բոլորի դրության մեջ մտնում ենք, բայց ունենք իրադրություն, երբ անմեղ մարդը անհիմն մեղադրանքով եկել է դատարան և ուզում է արագ արդադատության գործընթացում ցույց տա իր անմեղ լինելը և միգուցե հետագայում կրած վնասների փոխհատուցում պահանջել, բայց ինչքա՞ն կարող է նման պաշտոն զբաղեցնող անմեղ մարդը անհեթեթ մեղադրանքով իր գործառույթները կասեցված վիճակում ամիսներով սպասել»,-ասաց Արսեն Սարդարյանը։

Նա ասաց, որ չի մեղադրում դատավորին, ամենայն անկեղծությամբ, նրան ճանաչում է որպես բարեխիղճ դատավոր, որը նվիրված է արդարադատության գործընթացին․ «Բայց ունենք այն, ինչ ունենք․ ամիսներով ձգվող նիստեր։ Այսինքն, ի՞նչ է նշանակում, պետական քաղաքականություն է՝ դատարաններ կան, գնա արդարացիր․ է, գնում ես դատարան, տարիներով գործդ չի ավարտվում։ Ի՞նչ անի անձը։ Եթե պրն Սանասարյանը իրավականից բացի այլ ուղի չունի, կարող է քաղաքացիներին սա մղի ոչ իրավաչափ վարքագծի, որովհետև եթե երկրում արդարադատություն իրականցնող կառույցը ի զորու չէ ողջամիտ ժամկետում արդարադատություն իրականացնել, դա նույնն է, որ արդարադատությունը մերժվի»։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով, մեղադրանքի համաձայն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար նախատեսված գնման ընթացակարգին ապօրինի կերպով միջամտություն է իրականացվել Սամվել Ադյանի և Գևորգ Խաչատրյանի նախնական համաձայնությամբ, որի նպատակն է եղել մրցույթում հաղթանակ ապահովել իրենց հետ փոխկապակցված  «Զորաշեն» ՍՊԸ-ին: Որպես մեղադրյալ ներգրավելուց հետո Սանասարյանի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում կասեցվել են։

Մանրամասն՝ տեսանյութում․