կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 15:28
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատական համակարգում ցանկացած փոփոխություն սկսում են որակել որպես հակաիրավական․ Մակունց

ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ԱԺ կանոնակարգ օրենքով հստակ սահմանվում են այն լիազորություններն ու գործառույթները, որոնք կարող է կատարել Ազգային ժողովի պատգամավորը, դրանից դուրս որևէ գործողություն չի կատարվել՝ ըստ Yerkir․am-ի ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնող օրինագծով իշխանությունը սահմանադրական հեղաշրջման է գնում։

ԲՀԿ-ն հայտարարեց, որ ԱԺ-ում չկա բանավեճ, այդ պատճառով չեն մասնակցում ԱԺ նիստերին։ Մակունցի խոսքով՝ բանավեճը ստեղծվում է այն ժամանակ, երբ ընդդիմությունը գտնվում է ԱԺ դահլիճում եւ հնչեցնում է հակառակ տեսակետ:

«Շատ ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը՝ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ «Լուսավոր Հայաստանը», ներկա գտնվեին եւ իրենց տեսակետը հնչեցնեին, որ բոլորս հասկանայինք, թե այս իրավիճակը հաղթահարելու մասին ընդդիմությունն ինչ է մտածում: Մեզ միշտ հետաքրքիր է ընդդիմության կարծիքը, քաղաքացիական հասարակության կարծիքը, նաև մեր միջազգային գործընկերների կարծիքը: Եվ այդ միջազգային գործընկերների հետ խորհրդակցությունների արդյունքում է, որ ԱԺ է ներկայացվել հենց այն նախագիծը, որը ներկայացվել է: Եթե հիշում եք, ի սկզբանե մեր դիրքորոշումն այլ էր, բայց ԱԺ քննարկումների դատին ներկայացվել է այլ նախագիծ»,-ասաց «Իմ քայլի» ղեկավարը:

Նրա դիտարկմամբ՝ ցանկացած առիթով, երբ իրենք փորձում են ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրների առումով թնջուկը բացել եւ հաղթահարել, չգիտես ինչու, ընդդիմությունը դա որակում է որպես հակապետական քայլ:

«Ընդ որում, երբ դա փորձում էինք անել հանրաքվեի միջոցով, նույնպես նույն որակումներն էին հնչում: Այն ժամանակ էլ հնչում էին, որ լավագույն տարբերակը ԱԺ-ում քննարկելը եւ որոշումներ կայացնելը: Շատ ուրախ կլինեի, եթե ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք նման կարծիք են հնչեցրել,  այսօր ներկա լինեին եւ իրենց դիրքորոշումները հնչեցնեին քաղաքացիներին, այդ թվում իրենց ձայն տված քաղաքացիներին: Ցանկացած գործողություն, որը միտված է լինում դատական համակարգում փոփոխություններին, բարեփոխումներ իրականացնելուն, չգիտես ինչու սկսում են որակել որպես հակաիրավական»,-ասաց նա:

Մակունցը հայտարարեց, որ ՀՀ-ում մեկնարկը  տրվել է դատաիրավական բարեփոխումների եւ ՀՀ-ում մեկնարկը տրվել է, որ ներկայիս գործող ՍԴ մոդելը համապատասխանեցվի 2015-ի Սահմանադության մոդելին:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է ԱԺ-ում արագացված՝ 3-ժամյա ընթացակարգով, ընդունել Սահմանադրության փոփոխության մի նախագիծ, որով կդադարեցնի ՍԴ գործող նախագահի ու այն անդաների լիազորությունները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել։

Մանրամասն՝ տեսանյութում․