կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 16:10
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված մարդն ամենաուժեղն է․ Արարատի երեք համայնք պատրաստվում է ճանապարհ փակել տրանսպորտի հարցը լուծելու համար

Մեզ թող տրանսպորտ տրամադրեն, մենք ուզում ենք տնից դուրս գանք, աշխատենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին Արարատի մարզի Հայանիստ և հարակից համայնքների բնակիչները կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ։

Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ արդեն 2 ամիս երթուղինը հանել են, սպասարկվում է միայն Արգավանդը, դրանից այն կողմի գյուղերն արդեն վիրուսակիր են համարվում և չի կարելի սպասարկել տրանսպորտը։

«Սոված մարդն ամենաուժեղն է, Արարատի երեք համայնք պատրաստվում են ճանապարհ փակել տրանսպորտի հարցը լուծելու համար։ Նախկինում 35 համարի ավտոբուսը 5 գյուղի սպասարկում էր։ Մեզ անընդհատ հույս են տալիս, որ վիրուսից հետո տրանսպորտը կգործի, բայց ոնց հասկացանք դրանք սուտ խոսակցություններ են։ Մենք տրանսպորտ ենք ուզում, որ աշխատենք, օրը 3 հազար դրամ տաքսուն ենք տալիս, էտ ի՞նչ ենք աշխատում, որ էտքան տաքսուն տանք»,-ասացին բնակիչները։

Նրանց խոսքով՝ նախկինում էլ, երբ գյուղում տրանսպորտի խնդիր է եղել, ճանապարհ են փակել և հարցը կարգավորվել է. «Նախկին կառավարության ժամանակ նույնն ենք արել, փակել ենք բոլոր ճանապարհները, երթևեկությունը կաթվածահար ենք արել, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհիվ այդ երթուղին տրամադրվեց մեզ, 6-7 գյուղ սպասարկեց այդ երթուղին, հիմա ասում են՝ ապօրինի է ու չի լինի»։

Նրանց խոսքով՝ խնդիրներ են առաջացել աշխատանքի չգնալու պատճառով։

«Բոլորս աշխատում ենք, երեխա ու ընտանիք ենք պահում։ Դուրս ենք գալիս ճանապարհ, ձեռքներս մեկնում ենք, որ օտար տղամարդիկ կանգնեն, մեզ իջացնեն քաղաք, գնանք աշխատանքի։ Որ օրն էլ չենք գնում, այդ օրը մեր երեխան սոված է։ Պահանջում ենք, որ օգնեն մեզ, հասկանան, որ այդ գյուղերում կան մարդիկ, երեխաներ, ընտանիք, ոչ թե այլմոլորակայիններ են եւ կտրված են ամեն ինչից»,-ասացին բողոքի ակցիայի մասնակիցները։

Բնակիչները դիմել են մարզպետ Գարիկ Սարգսյանին, սակայն որևէ արձագանք չեն ստացել ու այսօր  եկել են նամակով դիմելու Նիկոլ Փաշինյանին։

«Նամակներ ենք բերել, որ երթուղու հարցով արձագանքի վարչապետը, կառավարությունը, ով որ այս հարցը պետք է լուծի։ Երթուղին 20 ավտոբուս ունի, թող 4 ավտոբուս տրամադրեն, որը մեր գյուղից կգնա մետրոյի ցանկացած կայարան, որ կարողանանք դուրս գալ, հնարավոր չի ապրել»,-ասացին նրանք։

Բնակիչները բողոքեցին նաև մարզպետ Գարիկ Սարգսյանից․ «Եկեք մի հատ Հայանիստ՝ տեսեք, թե մարդիկ ոնց են ապրում, մարզպետը կյանքում մի հատ դուռ ծեծե՞լ ա տեսնի իր բնակիչն ի՞նչ է անում, ո՞նց է ապրում, ո՞նց է երեխան սնվում։ Ես դոմիկում եմ ապրում, չունեմ հիգենիայի ոչ մի պայման, 3 ամիս չեմ աշխատել, կորոնավիրուսի հետ կապված ամուսինս չի աշխատել, մի հատ 26 հազար դրամ գումար մի քանի օր առաջ եմ ստացել, այն էլ կռվով, պայքարելով, ինչ որ խնդիրներ էր առաջանում, չէին տրամադրում, մի հատ էլ 19 հազար ստացել եմ մարզպետից։ Ես դրամական օգնություն չեմ ուզում, ողորմություն չեմ հավաքում, աշխատանք տվեք, տրանսպորտ տվեք, գնամ աշխատեմ, իմ երեխան էլ ապրի»։

Բացի տրանսպորտի խնդրից գյուղում նաեւ խմելու ջրի խնդիր կա։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ Հայանիստի ջրից իր 9 տարեկան երեխան աղիքային ինֆեկցիա է ստացել։

«Մեզ ասում են՝ զանգեք «Վեոլիա ջուր», որտեղից ասում են, որ իրենք ոչ մի բան չեն  կարող անել։ Մեր ջուրը շատ բարակ է ծորում, իսկ այս կորոնավիրուսային պայմաններում մեզ այն անհրաժեշտ է հիգիենայի պահպանման համար։ Միշտ ջրի խնդիրը եղել է, ու ոչ ոք մեր հարցին լուծում չի տալիս, 4 օր առաջ եմ զանգել «Վեոլիա ջուր», ինձ ասում են մի քանի մարդ պետք է զանգի, որ այդ հարցին արձագանքեն»։

Բնակիչը շշով ջուր էր բերել հետը կառավարություն. «Չգիտենք ինչ ջուր ենք խմում, թող այս ջուրը տանեն փորձաքննության, հասկանանք մեր երեխաներն ինչ ջուր են խմում։ Իմ 9 տարեկան երեխան ունի ստամոսքսի էրոզիա, 2 տարի առաջ Մասիսի մանկաբույժն է փրկել, աղիքային ինֆեկցիա է եղել այս ջրից»։

Մանրամասն՝ տեսանյութում․