կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 13:53
Քաղաքական

Չփորձեք վերևից վերաբերվել Հայաստանի Դաշնակցականներին, Հայաստանի Մայր կառույցին, մենք դա չենք հանդուրժի. Բ. Եսայան

Չփորձեք վերևից վերաբերվել Հայաստանի Դաշնակցականներին, Հայաստանի Մայր կառույցին, մենք դա չենք հանդուրժի. Բ. Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀԱՍԿԱՑՈՂԱՑ ՋԵՐՄ ԲԱՐԵՎՆԵՐ

Երկար ժամանակ մտածում էի անդրադառնա՞լ այս նյութին, թե՞ ոչ։ Բայց կարծես արդեն անխուսափելի է դառնում։ Ուստի ներողություն եմ խնդրում իմ բազմաթիվ ընկերներից ու բարեկամներից՝ կուսակցական կամ ոչ։ Իմ դաշնակցական ավելի քան 30 տարվա կենսագրության մեջ առաջին անգամ այսպիսի նյութը կդնեմ այս հանրային հարթակում։

Ամբողջ կյանքում փորձել եմ հետևել այն կանոնին, որ եթե գործ կա, պետք է արվի, նույնիսկ եթե մենակ ես, եթե օգնության ձեռք մեկնող կա, պետք է շնորհակալությամբ ու գնահատանքով ընդունես, եթե տեսնում ես, որ գործում քեզ օգնողը ինչ որ բանում թերանում է, պետք է ուղղես ու սովորեցնես, և միայն ծայրահեղ դեպքում, եթե գործակիցդ փորձում է գործը սխալ ուղղությամբ տանել ու քո արած գործն էլ վարկաբեկել, հնարավորինս անցնցում այդ «օգնողին» մի կողմ դնես, որպեսզի չվնասվի գործը, ու դու շարունակես այն։

Այսպես է եղել միշտ նաև Դաշնակցության մեջ։ Դրա համար եմ դարձել Դաշնակցական այն պահից, երբ դա հնարավոր է եղել՝ Սովտական Միության գոյության պայմաններում։ Առաջին իսկ օրվանից մեծագույն հարգանքով եմ վերաբերվել այն սփյուռքահայերին, որոնք հետևել են այդ կանոնին, կրկնակի հարգանքով նրանց, ովքեր իրենց կյանքը, առողջությունն ու ժամանակն են դրել մեր Ազգային դատի համար պայքարի ճանապարհին։

Սակայն վերջին շրջանում, հատկապես օվկիանոսի այն կողմից, հնչում են խոսքեր, ու, ցավոք, նրանց կան ձայնակցողներ նաև Հայաստանում, որոնք փորձում են վարկաբեկել այն ամենն ինչ արվել է այս 30 տարիներին Հայաստանում՝ թե՛ պետական շինարարության, թե՛ Դաշնակցության գործունեության արդյունքների առումով։ Իմ կողմից նախկինում շատ հարգված մի անձ նույնիսկ փորձեց «ֆեյք» անվանել ՀՅԴ Հայաստանի ամբողջ կառույցը, փորձելով սեպ խրել ՀՅԴ սփյուռքյան և հայաստանյան կառույցների մեջ։ Ինչու՞ «նախկինում հարգված»։ Պատասխանը պարզ է, այդ անձը կուսակցության կողմից դրվեց Դաշնակցության պատվանդանին, որպես կենդանի մարմնավորում այն բոլոր զոհված հերոսների, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին մեր ազատագրական պայքարի զոհասեղանին։ Բայց նաև ի դեմս նրա, մեր ակնածանքն էինք արտահայտում բոլոր այն տղաներին ու աղջիկներին, որոնք, իրենց Դաշնակցական պարտքը կատարելով, համեստորեն, իրենց երկրներում ու Հայաստանում, գլուխները կախ ապրում են մեր մեջ, չփորձելով թեկուզ մեկ խոսքով կամ ակնարկով հիշեցնել իրենց արածը։ Նրանք շատ են, մեծամասնություն են, բայց համեստ են ու լուռ։ ։ Այդ անձը հիմա, ստանձնելով աննախանձելի դերակատարություն, բանսարկության ճանապարհով փորձում է վարկաբեկել Հայաստանյան կառույցը, իր նախկին գաղափարակից հազարավորներին, նաև այն տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երիտասարդներին, որոնց կուսակցական կնքահայրը լինելու պատիվն է ունեցել։

Այս խմբակից ոմանք էլ, ձայնակցելով Հայաստանում Դաշնակցությանը վարկաբեկել փորձող ուժերին, փորձեցին նրանց գործելակերպով՝ Դաշնակցությանը և Դաշնակցականներին վարկաբեկել իրենց նախորդ տարիներին որդեգրած քաղաքական ուղեգծի ու դիրքորոշումների համար և, որ ամենացավալին է, այս անելու համար օգտագործում են այսօրվա իշխանավորների և նրանց հհշ-ական նախորդների որդեգրած՝ վարկաբեկիչ, մերկապարանոց ու անապացույց մեղադրանքների զինանոցի ամբողջ արսենալը, իսկ ժամանակ առ ժամանակ ստանալով նրանց անթաքույց աջակցությունը։ Նախորդ 20 տարիների բոլոր Ընդհանուր Ժողովներին մասնակցելով, փորձելով իրենց պատկերացումները դարձնել կուսակցության ռազմավարություն ու ձախողվելով այնտեղ, նրանք խախտում են Դաշնակցականի կանոնագրային կարևորագույն սկզբունքը՝ մինչև որոշման կայացում ներկայացնել, մինչև վերջ պաշտպանել իրենց անձնական դիրքորոշումը, բայց որոշման կայացումից հետո՝ անմնացորդ ձեռնմուխ լինել դրա իրականացմանը։

Դաշնակցության Նախորդ 6 Ընդհանուր Ժողովները ճշտել են կուսակցության ուղեգիծը, հետագայում նաև գնահատել են ընտրված մարմինների կողմից այդ ռազմավարությունների իրականացմանն ուղղված գործունեությունը, տվել են իրենց գնահատականը։ Այդ գնահատականը եղել է համայն Դաշնակցությանը, այդ գնահատականը տվել է և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Լիբանանի, և՛ Հայաստանի դաշնակցականը, որպես համայն ՀՅ Դաշնակցության բարձրագույն ժողովի պատգամավոր։ Եվ հիմա նորից, չբավարարված ամբիցիայով տառապող որոշ անհատներ, երբ փորձում են «վերատեսության» ենթարկել մեր անցած 20, ոմանք նաև 30 տարվա ուղին, վստահեցնում եմ, հանդիպելու են շատ կտրուկ վերաբերմունքի համայն Դաշնակցության կողմից։ Այն անհատները, որ փորձում են Հայաստանից, բայց առավել ևս անդրօվկիանոսյան հեռվից իրենց «նամակներով» ու «հորդորներով» տատանում առաջացնել Դաշնակցության շարքերում, կամ այս ուղղությամբ համագործակցել Հայաստանի իշխանության ներսում կամ իշխանությունից դուրս այն ուժերի հետ, որոնք նկատակ ունեն վարկաբեկել մեզ, պատասխանատվության են կանչվելու որպես Դաշնակցականներ ժամանակին, նախատեսված տեղում, ինչպես որ արդեն պատասխանատվության են ենթարկվել իրենց շատ գործակիցներ։ Նրանք, ովքեր փորձում են վարկաբեկել առաջին հերթին Դաշնակցության Հայաստանի կառույցը, փորձելով ստեղծել ու խորացնել մտայնությունը, թե կա դրսի ու ներսի Դաշնակցություն, մոռանում են, որ այս կառույցի, համակիրների ու նաև կառույցի գաղափարակից ժողովրդի աջակցությամբ է, որ Դաշնակցությունը նախաձեռնեց, հետագայում նաև իր բոլոր կարողություններով աջակցեց ու Արցախում հաղթանակով պսակեց զինյալ պայքարը, այդ գործում ներդնելով իր հարյուրավոր անդամների կյանքը, սակայն ոչ ոք հանկարծ չմոռանա, որ հազարավորներն էլ, որոնք մասնակցել են այդ պայքարին, այսօր շարքում են, Դաշնակցական են ու թույլ չեն տա որևէ ոտնձգություն իրենց կենսագրությանն ու դավանած գաղափարի նկատմամբ։ Նրանք 90-ականներին անցան նաև բանտերով, հարվածի տակ դնելով իրենց ու իրենց ընտանիքները, տեսնելով հասարակության մի մասի վախեցած հրաժարումն իրենցից, բայց չընկրկեցին, ու հասան նրան, որ պատմության աղբանոցը շպրտվեց տերպետրոսյանական ապազգային ռեժիմը։ Համագործակցեցին հաջորդող իշխանությունների հետ ոչ թե «պաշտոնների կամ իրենց գրպանների համար», ինչպես այս խմբակն է հաճախ ձայնակցում Հայաստանի ամենահակադաշնակցական ու լյումպենացված զանգվածի հետ, այլ որպեսզի 90-ականների մղձավանջից հանեն երիկրը և պահեն այն ազգային ուղեգծում։ Եվ հաջողեցին դա անել։

Սոցիալ-տնտեսական հարցերը, որի համար ժողովուրդը իրավացիորեն մերժում էր նախորդ իշխանություններին, այո,՛ շատ կարևոր են, բայց որպես Դաշնակցական մենք հասկանում ենք, որ ազգային արժեքներից շեղման պարագայում մենք կարող ենք զրկվել պետականությունից, այսինքն կդավաճանենք այն բոլոր արժեքներին, որոնք համար տվել ենք Դաշնակցականի երդում ու արտասանել «իսկ եթե հարկ լինի, նաև կյանքիս գնով» բառերը։ Նրանք են իրական արժեքների համար պայքարողները, և այդ արժեքներին դավաճանած կլինեին, եթե սոցիալական դժգոհությունները փորձեին օգտագործել ի վնաս մեր ազգային մնայուն շահերի ու իդեալների։ Ահա այս դեպքում նրանք կարող էին կոչվել «իրենց փորի մասին մտածողներ»։ Այդ է պատճառը, որ Դաշնակցությունը այս 20 տարիներին չգնաց այդ ճանապարհով։ Եվ այդ չգնացողները մեծամասնություն են, նրանք շատ ավելի Դաշնակցական են, քանի որ, ի տարբերություն այդ փոքր խմբակի, հասկանում են, որ հիմա ժամանակը չէ և ֆբ-ը կանոնագրով նախատեսված վայրը չէ նման հարցերը խորությամբ քննարկելու և այս ու այն կողմից հնչող մշտական դարձած, նրանց «սիրելի» վարչապետի բառերով ասած, վնգստոցին արձագանքելու համար։ Ու ոչ մեկին, առավել ևս Դաշնակցական ոչ մեկին իրավունք տրված չէ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունից հետո անդրօվկիանոսյան հեռվից մեզ հորդորել, թե ինչ պետք է անենք կամ ինչից ձեռնպահ մնանք։ Մենք շարունակաբար 2 տարի հորդորել ենք իշխանության եկած այս ուժին չգնալ ազգային ներուժի պառակտման ճանապարհով, զերծ մնալ թշնամության սերմանումից, պատրաստակամություն ենք հայտնել ուժերի ներածի չափով օգտակար լինել երկիրը ծանր վիճակից հանելու գործում։

Մեր բոլոր առաջարկները հետևողականորեն անտեսվել են։ Հիմա հասել ենք մի կետի, որից հետո այլևս սպառնալիք է ստեղծվում մեր ազգային անվտանգության ու անկախ պետականության գոյության համար։ Մնացեք կանոնագրով ճշտված ձեր իրավունքների ու, որ ոչ պակաս կարևոր է, պարտականությունների շրջանակում։ Սա է իմ հորդորը բոլոր նմաններին, և վերջում նաև բարի խորհուրդ՝ չփորձեք վերևից վերաբերվել Հայաստանի Դաշնակցականներին, և, ինչպես ընկեր Հրայր Մարուխյանն էր ասում ժամանակին՝ Հայաստանի Մայր կառույցին։ Մենք դա չենք հանդուրժի։ Մենք լավ գիտենք մեր պարտականությունները, վստահեցնում եմ, նաև իրավունքները։ Դա չի հանդուրժի Համայն ՀՅ Դաշնակցության մեծ ընտանիքը, որի կարևորագույն արժեքներին ու սկզբունքներին եք հարվածում դուք ձեր գործողություններով»։