կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-27 21:47
Տնտեսական

«Այնպես չէ, որ Երևան քաղաքի կենտրոնում բնակվում են միայն հարուստները». մասնագետները՝ հարկային նոր նախագծի մասին

«Այնպես չէ, որ Երևան քաղաքի կենտրոնում բնակվում են միայն հարուստները». մասնագետները՝ հարկային նոր նախագծի մասին

Հայաստանում գույքահարկի դրույքաչափերը կբարձրանան. հարկվելու է տեսանելի հարստությունը՝ համարժեքորեն:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր հավանություն է ստացել կառավարության նիստում: Այն ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նոր համակարգով հանվում է նաև մինչև 3 մլն դրամ գնահատված բնակարանները չհարկելու շեմը. թեկուզ փոքր, բայց հարկ նախատեսվում է:

«Այո, գույքահարկն ավելանալու է, և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որը մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այլն: Եթե այսօր նայում ենք՝ այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության, սիմվոլիկ: Այստեղ ճոխության հարկի կոմպոնենտ նույնպես կա»,- նախագիծը ներկայացնելիս՝ նշել էր վարչապետը:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով, սակայն, այս նախագիծը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում նրանց համար, ովքեր թեև հանդիսանում են օբյեկտիվորեն բարձրարժեք բնակարանի սեփականատեր, բայց չունեն անգամ նվազագույն եկամուտներ:

«Այդ լուծումները, որոնք բերվում են, և Կառավարությունը փորձ է անում իբրև թե իր խոստացած սոցիալական կոմպոնենտը հարկման համակարգում վերականգնելու, բացառապես բավարար չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ ասվածը կարող ենք արձանագրել միջազգային փորձով և իրականացվող փոփոխությունների օբյեկտիվ գնահատմամբ:

Ըստ Թ. Ավետիսյանի՝ գույքահարկը որևէ ձևով կախված չէ վճարողի եկամուտներից, հաշվի չի առնվում՝ վճարողն ունի՞ մեծ եկամուտներ, թե՞ աղքատության նպաստով է ապրում.

«Գույքահարկի նոր սխեմայով, որն առաջարկվում է՝ «չհարկվող շենք չի լինելու» և, ըստ էության, հարկման հիմքում դրվելու է կադաստրային արժեքը՝ որպես հարկման բազա, առաջացնելու է սոցիալական խնդիրներ՝ առնվազն հանրության որոշակի շերտի համար, որոնք այսօր, առանց այն էլ, ունեն սոցիալական խնդիրներ:

Խոսքս վերաբերում է, օրինակ, սերնդեսերունդ փոխանցվող որոշակի բարձրարժեք գույք ունեցող այն քաղաքացիներին, որոնք ներկայումս չունեն կայուն զբաղվածություն, եկամուտ և նույնիսկ՝ ստանում են աղքատության նպաստ:

Կադաստրային արժեքի հիմքում նաև տարածքների բաժանումն է և քարտեզագրումը: Օրինակ, մի ընտանիք, որն ապրում է Երևան քաղաքի կենտրոնում և ունի բնակարան, որն իրեն փոխանցվել է իր ծնողներից, և այդ բնակարանն օբյեկտիվորեն ունի բարձր արժեք, ըստ էության, այս մարդիկ ունենալու են գույքահարկի լրացուցիչ բեռ:

Նման անձանց թիվը քիչ չէ. այնպես չէ, որ Երևան քաղաքի կենտրոնում բնակվում են միայն հարուստները»:

Տնտեսագետի գնահատմամբ՝ դրական է այն, որ գույքահարկը պետք է լինի պրոգրեսիվ, սակայն դրա պրոգրեսիվությունը միայն բավարար չէ հարկային համակարգի սոցիալական կոմպոնենտի իմաստով.

«Գույքահարկը հասկացանք՝ պրոգրեսիվությամբ այդ գաղափարը մոտեցնում ենք ճոխությունը հարկելուն, ինչը դրական է, բայց այն, որ եկամտահարկի համահարթեցմամբ արդեն իսկ վերացվել է եկամուտների բաշխման և վերաբաշխման սոցիալական առաջին կոմպոնենտը, սա անթույլատրելի է՝ մանավանդ մեր իրականության մեջ:

Միջազգային փորձը վկայում է՝ զարգացած երկրները, սոցիալական պետությունները, որոնք ունեն բարձր սոցիալական ապահովվածություն, երկու ուղղությամբ էլ ունեն պրոգրեսիվ հարկման սխեմաներ՝ և՛ գույքահարկի, և՛ եկամտահարկի, որոնք իրար չեն բացառում, այլ լրացնում են:

Եվ եթե մենք ուզում ենք լիարժեք ունենալ սոցիալական կոմպոնենտ, ինչը հարիր է սոցիալական պետությանը, ապա և՛ եկամտահարկի, և՛ գույքի հարկման ուղղությամբ պետք է ունենանք պրոգրեսիվ հարկում»:

Կառավարության հարկային քաղաքականության, նոր նախագծի պատճառով հնարավոր սոցիալական դժգոհությունների մասին մեզ հետ զրույցում նշեց նաև «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը։

«Ցանկացած դեպքում հարկի բարձրացումը շուկայի վրա վատ է ազդում, բայց շատ այլ երկրների հետ համեմատած՝ հարկային բազան Հայաստանում այդքան բարձր չէ՝ հատկապես անշարժ գույքի մասով, ուղղակի այս ճգնաժամային իրավիճակում ինչքանո՞վ է նպատակահարմար, չեմ կարող ասել:

Ակնհայտ է, որ այս իրավիճակում այդ բարձրացումը սոցիալական դժգոհությունների պատճառ կդառնա»,- նշեց գործակալության տնօրենը:

Կոնկրետ ի՞նչ ազդեցություն կունենա փոփոխությունն անշարժ գույքի շուկայի վրա՝ մեր հարցին ի պատասխան՝ Վ. Դանիելյանը նկատեց՝ հնարավոր է անշարժ գույքի գների անկում.

«Օրինակ՝ շատ մարդիկ կան, որ գույքը գնել են՝ Հայաստանում գույք գնելու համար (ո՛չ ապրում են, ո՛չ վարձով են տալիս, իրենց դա պետք չէ), բայց երբ գույքահարկը բարձրանա, մի մասը կսկսի վաճառել, որովհետև անիմաստ ծախս է դառնում իրենց համար:

Մյուս կողմից՝ դա դրական էֆեկտ կունենա, քանի որ արտադրական տարածքներ կան, որոնց տարեկան գույքահարկը ցածր գումար է, մարդիկ գնել են, չեն օգտագործում, ոչ էլ մտածում են վաճառելու մասին, ինչը պետության համար հարմար չէ: Այդ արտադրական տարածքները պետք է աշխատեն, այս հարկային քաղաքականությամբ գուցե նրանցից շատերը վաճառեն, որպեսզի լրացուցիչ ծախս չանեն»: