Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատական հայց է ներկայացրել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի դեմ՝ պահանջելով հերքել հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները, նախարարը նաև վնասի փոխհատուցում է պահանջել։
Yerkir.am-ի հետ զրույցում Նունե Ավանեսյանն ասաց, որ հայցը դեռևս չի ստացել։
«Գրառումը չեմ պատրաստվում հեռացնել, ես իմ խոսքը դատարանում կասեմ, ես մեր արդարադատությանը վստահում եմ, ի տարբերություն Արսեն Թորոսյանի, ով պետք է ներողություն խնդրեր Արա Մինասյանից, սակայն հայտարարեց, որ չի վստահում մեր արդարադատությանը (սույն թվականի մարտին Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է հրապարակային հերքի և ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանից, սակայն նախարարը հրաժարվել էր կատարել պահանջը, նշելով, որ չի վստահում դատական համակարգին – խմբ.): Քանի որ ես վստահում եմ մեր արդարադատությանը, իմ փաստարկները կներկայացնեմ դատարանում և միայն մեկ պահանջ եմ ունենալու դատարանից, այն է՝ դատական բոլոր նիստերին Արսեն Թորոսյանը ներկա լինի»,-նշեց նա։
Դիտարկմանը, որ դեռևս 2 տարի առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ ինքն ազատվեց աշխատանքից, վերջինս պատասխանեց․
«Չգիտեմ այս ամեն ինչը փոխկապակցվա՞ծ է, թե՞ ոչ։ Պարզապես փաստ է, որ հեղափոխությունից հետո առաջին անձը, ով հեռացվել է ԲԿ-ի տնօրենի պաշտոնից, ես եմ եղել»։
ԲԿ-ի նախկին տնօրենը նաև ավելացրեց, որ դեռևս Արսեն Թորոսյանի հայտարարությունից առաջ, ըստ որի՝ զրպարտություն պարունակող գրառումներ անող քաղաքացիների մասին պետք է տեղյակ պահի իրավապահ մարմիններին, նախարարն արդեն դատական հայց ներկայացրած է եղել։
Նունե Ավանեսյանը պաշտոնից ազատվել է 2018 թ. իշխանափոխությունից մի քանի ամիս անց՝ օգոտոսին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը ֆեյսբուքյան վերջերս դիմատետրի իր էջում գրել էր. «Արդեն երկու օր է տարբեր մարդկանցից նամակներ եմ ստանում, ովքեր պատմում են իրենց հետ կապված միջադեպերի մասին, ինչպես նաև ցանկանում են բացատրություններ լսել այդ մասին: Չէի խոսում, որովհետև ինքս ինձ խոստացել էի հարգել մեր անմեղ զոհերի հիշատակը: Նամակներից մեկում ասվում է, որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից, և երբ դին տարել են դիահերձարան, այնտեղ հարազատներին առաջարկել են 100 000 դրամ, որպեսզի ինչ որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից: Չնայած նրան, որ հարազատները հրաժարվել են գումարից, այնուամենայնիվ մահը ներկայացվել է որպես կորոնավիրուսով վարակված: Մյուսը` երեխան 1,5 տարեկան է և ջերմել է: Եվ երբ մայրը զրուցել է մանկաբույժի հետ, վերջինս հորդորել է երեխային՝ չտանել բուժհաստատություն, քանի որ ԱՆ-ից հրահանգ կա ցանկացած ջերմողի, անկախ ախտորոշումից, գրանցել որպես վարակակիր: Բացի այս ամենից հիշում եք չէ Մարալիկցի հղիի պատմությունը: Չգիտեմ արդեն մարդկանց ինչպես հանգստացնել, ինչպես բացատրեմ իրողությունը: Միայն մի բան կարող եմ ասել՝ Թորոսյա՛ն, բավական է ազգիս խաբես, բավական է, հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է, հիշիր մուլտ ֆիլմը «Золотая антилопа»- ն և պատկերացրու ավարտդ»: