Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր 17։30։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Իհարկե, քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ։ Հիմա դա կհաստատվի այս փուլում արդեն իսկ քրեական հետապնդումը դադարեցնելու մեր միջնորդությունը բավարարելու միջոցով, թե քննության, դա արդեն տեխնիկական հարց եմ դիտարկում»,- նշել է Արամ Վարդևանյանը։
Պաշտպանը հայտնել է, որ Արա Բաբլոյանի գործով այսօրվա դատական նիստում ներկայացվել են հիմնավորումներ, որոնք նախկինում քննության առարկա չէին դարձել։
«Օրինակ՝ Սահմանադրական դատարանը 2018 թ. մարտի 20-ին աշխատակարգային որոշմամբ փաստացի անդրադարձ կատարել էր օրենսդրական կարգավորումների արդյունքում Գագիկ Հարությունյանի կարգավիճակին՝ դիտարկելով նրան ոչ թե ՍԴ նախագահ, այլ ՍԴ անդամ այլևս։ Իսկ Հրայր Թովմասյանը մարտի 21-ին էր ընտրվել»,- ասել է նա։
Արամ Վարդևանյանը նաև նկատել է, որ 2018 թ-ի ՍԴ նախագահի ընտրությունների ժամանակ ԱԺ բոլոր խմբակցությունները մասնակցել են ընտրությանը․ «Որևէ մեկը գործընթացը անօրինակ չի դիտարկել, ինչպես օրինակ ականատես եղանք վերջերս տեղի ունեցած մեկ այլ աղմկահարույց իրադարձությանը ԱԺ-ում, խոսքը Սահմանադրական փոփոխությունների մասին է»։
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ․ հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։