Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես պատասխանել եմ բոլոր հարցերին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դուրս գալով ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից՝ լրագրողների հետ զրույցում։
Իրեն ուղղված հարցերի մասին մանրամասներ չհայտնեց, քանի որ, ասաց, հանձնաժողովի նիստերը փակ են և դրանք պետական գաղտնիք են պարունակում։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ պնդե՞լ է 2017-ին ԱԺ-ում իր արած այն հայտարարությունը, որ՝ Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում անորակ վառելիքի պատճառով: Կարապետյանն ասաց, որ այդ հարցին եւս պատասխանել է հանձնաժողովում: Թե ինչ է պատասխանել՝ չցանկացավ հրապարակել:
Ներքաղաքական անցուդարձին Կարեն Կարապետյանը որոշակի չափով հետևում է, կառավարությանը հաջողություններ է ցանկանում, որպեսզի մինիմալ կորուստներով դուրս գան այս իրավիճակից։
Կարեն Կարապետյանը, սակայն, մի շարք տարակարծություններ ունի կառավարության գործունեության վերաբերյալ։
Նա չցանկացավ ասել, թե 2018 թվականի ապրիլի 22-ին ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանի հետ։
Դիտարկմանը, թե կան խոսակցություններ, որ պայմանավորվածություն է եղել Սերժ Սարգսյանին Կարեն Կարպետյանով փոխարինելու՝ Կարապետյանն արձագանքեց․ «Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորել ենք, մեր ներքին պայմանավորվածությունն է»։
Հարցին՝ պայմանավորվածություն խախտվե՞լ է, թե՞ ոչ, Կարապետյանը պատասխանեց․ «Ոչ»։
Ճշգրտմանը՝ արդյո՞ք ինքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ծրագրել էր մնալ, և արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հա՞րցն էր բանակցվում, որը մերժվեց, նախկին վարչապետն ասաց. «Ես քիչ առաջ ասացի՝ Նիկոլ Փաշինյանի հետ մեր բանակցությունները մեր ներքին խնդիր է»։
ՀՀ նախկին վարչապետն ասաց, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացրել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործի դատական պրոցեսը գրգռված և քաղաքականացված է՝ ասաց նա։
«Ես իմ միջնորդության մեջ ֆիքսել եմ, թե ինչու եմ նման բան անում։ Տրամաբանությունը պարզ է` ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ «Մարտի 1»-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումները պատասխան ստանան, որպեսզի բաց կողմ չլինի և նստվածք չթողնի։ Գրեթե երկու տարի է, որ դատական պրոցեսը տևում է, և հավանական է` երկար կարող է տևել։ Այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի նրա խափանման միջոցը փոխվի»,–ասաց Կարապետյանը։
Նախկին վարչապետը նշեց` հարգում և գնահատում է Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի ու Հայաստանի անկախության և կայունության գործընթացում։ Նրա խոսքով` որևէ մեկը չի ասում` անմեղացրեք մեղավորին, այլ երաշխավորություն ներկայացնելով` իրենք ասում են, որ դատական պրոցեսը կատարեք` Քոչարյանի խափանման միջոցը փոխելով։
Հարցին՝ ինչո՞ւ դուրս եկավ ՀՀԿ-ից, նախկին վարչապետն ասաց. «Քաղաքականությունով չեմ ուզում զբաղվել»։
Հիշեցնենք, որ մայիսի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է 2016 թ-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ Կարեն Կարապետյանի հրավերն ուղարկվել է ՀՀ-ում նրա գրանցման հասցեով, որտեղ այն ստացել ու ստորագրել են: Ապրիլյանի քննիչ հանձնաժողով վերջին շրջանում հրավիրվել էին նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը: Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, բայց նա չէր ընդունել հրավերը:
Մանրամասն՝ տեսանյութում․