Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԹԱԼԷԱԹ ՊԷՅԻՆ
Ներքին նախարար
(Թարգմանուած ֆրանսերէն բնագրից)
Կ. Պոլիս
Խոր վշտով է, որ ձեզ ուղղում ենք այս հեռագիրը՝ բողոքելու մեր ամբողջ ուժով, մեր հոգեկան ամբողջ թափով եւ համակ էութեամբ այն սարսափների դէմ, որ գործւում են հայ ժողովուրդի դէմ թուրքերի եւ քուրդերի կողմից եւ, որ ծանրագոյնն է, ակներեւ աջակցութեամբ թրքական կանոնաւոր բանակի:
Ո՞վ է կազմակերպել ջարդերը: Ո՞վ է պատասխանատուն այս գազանութիւնների, որոնք նսեմացնում են մինչեւ իսկ Սուլթան Համիտի ահաւոր կոտորածները: Ո՞վ է սփռել սուգի քողը ամբողջ Հայաստանի վրայ, Կիլիկիայից մինչեւ Արարատ, Արաքսի հովիտը: Ո՞վ է այդ դժբախտ երկիրը վերածել աւերակների կոյտի` անխնայ սրածելով նրա արու զաւակները` առանց տարիքի խտրութեան, առեւանգելով եւ բռնաբարելով կիներին եւ ողջ թողնելով միայն անկարներին եւ պառաւներին՝ ողբալու համար մխացող աւերակների վրայ:
Զոհերի թիւը բազմաթիվ հազարների է հասնում: Հայաստանում այլեւս գոյություն չունեն հայ գյուղեր, որոնք հիմնայատակ են եղել:
Բաւ չէր եղած ուղղակի թալանն ու կողոպուտը, հայերի ամբողջ ինչքն ու ստացուածքը բռնագրաւուած են զինուորական պիտոյքի պատրուակով: Բաւ չէր եղած հաւաքել բոլոր հայ չարքաշ երիտասարդներին զինակոչի անունով, եւ, փոխանակ նրանց ռազմադաշտ ուղարկելու, վատօրէն խողխողած են հեռու եւ անյայտ ձորերում:
Բաւ չէ եղած վիրաւորել եւ անպատուել զօրակոչիկ հայերի ազգային եւ կրօնական զգացումները. կը բռնադատէին նրանց ամօթալի եւ անպատիվ գործեր կատարելու, ստօրէն կը մեղադրէին նրանց լրտեսութեան եւ հայրենադաւութեան յանցանքով ու կը սպանէին: Բաւ չէր եղած անյայտացնել հայ կեանքի ակնառու եւ որակաւոր դէմքերին եւ անձնաւորութիւններին. նրանց կը բանտարկէին եւ կ’աքսորէին երկրի հեռաւոր եւ անծանօթ խորերը: Բաւ չէր ահաբեկումի ենթարկել ամբողջ հայ ժողովուրդը. Հայաստանն ու Կիլիկիան պէտք էր վերածել համատարած գերեզմանոցի:
Ո՞վ է մեղաւորը: Համայն աշխարհը եւ առաջին հերթին ձեր տարաբախտ զոհերը ձեր երեսն ի վեր կը պոռան ձեր ոճիրը, մանաւանդ` այն զոհերը, որոնք երէկ ձեր բարեկամներն էին եւ ձեզ հետ միասնաբար աղուհաց էին կերել:
Եւ ինչո՞ւ այս անլուր ոճիրները:
Նրա՞ համար, որ այս մարտիրոս ժողովուրդը իր ամբողջական կարողութիւններով շարունակ կռուել է համիտեան բռնատիրութեան դէմ եւ մեծապէս նպաստել թրքական յեղափոխութեան: Նրա՞ համար, որ դուք հայերին համարում էիք ձեր յեղափոխական ուսուցիչները: Նրա՞ համար, որ իրենց երիտասարդ ու առնական ուժերը ձեր նորակազմ կառավարութեան տրամադրութեան տակ դրին` պաշտպանելու համար նորածիլ Սահմանադրութիւնը եւ Ազատութիւնը:
Նրա՞ համար, որ համիտեան յետաշրջական շարժումների ժամանակ հայերը միայն սահմանադրութեան հավատարիմ մնացին, երբ ձեր ընկերներից շատերը դասալիք եղան:
Ձեր կառավարութիւնը բանտարկեց մեր ընկերներից շատերին, որոնց մեծ մասը դուք կնկատէիք ձեր բարեկամը եւ խորհրդատուն: Ձեր դիրքը ամրացնելուց յետոյ, երբ ձեզ վտանգից զերծ նկատեցիք, դուք խոստմնադրուժ եղաք ձեր վաղեմի գործակիցների հանդէպ եւ որդեգրեցիք բացայայտ հակահայկական կեցուածք: Սակայն նրանք շարունակեցին իրենց հաւատարիմ եւ օրինապահ ընթացքը` ջանալով լուսաբանել ձեր բռնած քաղաքականութեան սխալ լինելը հանդէպ թէ՛ հայ ժողովուրդին եւ թէ՛ օսմանեան պետութեան: Եւ երբ, յուսահատ ձեր յամառ դրժումից, ձեր հանդէպ մեր պաշտօնական կապը խզեցինք, ոչ միայն թշնամական դիրք չբռնեցինք, այլեւ շարունակեցինք մեր պարտքը կատարել հանդէպ ձեզ եւ ընդհանուր հայրենիքին: Մենք զգուշացրինք ձեր աղէտաբեր քաղաքականութիւնից եւ նշեցինք, որ Ռուսիոյ դէմ պատերազմի մտնելը ձեզ կործանման կտանի: Խորհուրդ տուեցինք ձեզ չհպատակուելու Գերմանիոյ ազդեցութեան եւ պատերազմ յայտարարելու Երրեակ համաձայնութեան, որոնցից Անգլիան եւ Ֆրանսիան միշտ հանդիսացած են Թուրքիոյ անկեղծ բարեկամները եւ բազմաթիւ առիթներով փրկած նրա գոյութիւնը:
Դուք ի՞նչ արիք, երբ ձեր այս դարաւոր բարեկամները եւ ձեր վաղեմի թշնամին՝ Ռուսիան, ձեզ խոստացան Թուրքիոյ անձեռնմխելիութիւնը երաշխաւորել: Դուք ապերախտ եղաք ձեր երբեմնի ազատարարների հանդէպ ծառանալով եւ Գերմանիոյ գիրկը նետուեցիք` կուրացած նրա հզօրութիւնից, նաեւ վերջ տուիք խոհեմ չէզոքութեան` կործանումի ճանապարհի վրայ դնելով օսմանեան պետութիւնը:
Արդէն իսկ աղքատ Թուրքիան այժմ ընթանում է դէպի փլուզում եւ հիմնայատակ աւերում:
Հայաստանի սահմանների վրայ արիւնաքամ պարտութիւններ կրեցիք, իսկ այժմ մղում էք մահուան կռիւը, բայց այլեւս անզօր էք հայրենիքը փրկելու համար: Դրա համար էլ դուք տմարդօրէն նետուել էք անզէն, անպաշտպան եւ դժբախտ հայ ժողովուրդի վրայ:
Ձեր քաղաքականութիւնն է, որ ստիպել է հայերին խումբ առ խումբ ընդվզելու եւ կռիւ մղելու սիստեմատիկ հայաջնջումի դէմ: Դուք քաղում էք, ինչ որ սերմանել էք:
«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» պաշտօնաթերթը, անկախ կուսակցութիւնից, իր սեփական պատասխանատուութեան տակ գալիս է յայտարարելու ձեզ անձամբ, ձեր կառավարութեան եւ «Իթթիհատի» անդամներին, որ ձեզ ամբաստանում ենք եւ ձեզ պատասխանատու ենք համարում բարոյապէս եւ իրաւապէս այն բոլոր ոճիրների համար, որ գործւում են հայ ժողովուրդի, ինչպէս նաեւ օսմանեան պետութեան դէմ:
ԴՐՕՇԱԿ
Օրգան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան»
2 Յունիս 1915, Ժընեւ
Սույն հեռագրի ֆրանսերեն բնագիրը պահպանվում է ՀՅԴ կենտրոնական արխիվում՝ Փաստ.63-54ա: Հրապարակվել է «ՆԻՒԹԵՐ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ» մատենաշարի ԺԲ հատորում (Պէյրութ - Մայիս 2016):
«Դրօշակ», թիվ 4 (1638), ապրիլ, 2020 թ.