կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 19:43
Աշխարհ

ՀՄԸՄ-ն կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարող լիբանանահայ ընտանիքներին սնունդով տուփեր կբաժանի

ՀՄԸՄ-ն կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարող լիբանանահայ ընտանիքներին սնունդով տուփեր կբաժանի

Կորոնավիրուսի վտանգն ամենուրեք ստեղծել է ճգնաժամային իրավիճակ: Համայն մարդկության հետ համավարակը դիմագրավում է նաև աշխարհասփյուռ հայությունը, այդ թվում` ամիսներ ի վեր տնտեսական սուր ճգնաժամին դիմակայող Լիբանանի մեծաթիվ հայ ընտանիքները, որոնք իրենց տարրական կարիքները հոգալու, իրենց գոյությունն ապահովելու լուրջ խնդիրներ ունեն: Այս մասին, ըստ yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է  իր պատմության երկրորդ հարյուրամյակը թեւակոխած Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության կենտրոնական վարչությունը` հավելելով, որ ժողովրդից ծնված, ժողովրդին համար գործող այս միությունը «Միշտ պատրաստ» սկզբունքով այնտեղ է, ուր օժանդակության կարիք է զգացվում:

«Մեծ է լիբանանահայության ներդրումը ՀՄԸՄ-ի համահայկական կառույցի կազմավորման, զարգացման եւ հզորացման մեջ։ Լիբանանահայությունը եղել է ու կմնա ՀՄԸՄ-ի ազգանվեր գործունեության անվերապահ աջակիցը։ Այսօր, երբ պայմանների բերումով լիբանանահայությունը ի՛նքն աջակցության կարիքը ունի, փոխադարձության կարգով եւ երախտապարտության մոտեցումով, ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքը անհրաժեշտ է համարում իր մասնակցությունը բերել լիբանանահայության ցավերը ամոքելու աշխատանքին»,- նշում է ՀՄԸՄ կենտրոնական վարչությունը և տեղեկացնում, որ  ՀՄԸՄ-ական բարերարի նվիրատվության շնորհիվ Սբ Զատկի տոնի նախօրեին սնունդով 1000 տուփ կհատկացվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված` Լիբանանի ճգնաժամային շտաբին, որն էլ դրանք բաժանելու է կարիքավոր հայ ընտանիքներին:

ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության այս նախաձեռնությունն իրականացնելու գործին իր նպաստ է բերել ՀՄԸՄ-ի Լիբանանի շրջանը, որի կամավորները մասնակցում են նպաստաբաշխման աշխատանքին։