կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 15:03
Քաղաքական

Ո՞րն էր ԼՏՊ-ի՝ իր քաղաքական ջերմոցի պտուղներին հիշատակելու նպատակը

Ո՞րն էր ԼՏՊ-ի՝ իր քաղաքական ջերմոցի պտուղներին հիշատակելու նպատակը

Գիշերը կարդացի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քերթվածն ու... դեւերը թույլ չտվեցին քնեմ: Չկողմնորոշվեցի, այդ փորձառու գիտնականը կորցրե՞լ է իրականության զգացումը, թե՞, հերթական անգամ շահարկելով պահի իրողությունները, լուծում է անձնական նեղ հարցեր: 

Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհուրդ է տալիս՝ «Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային»: Սա ծիծաղելի է, որովհետեւ իշխանության հանդեպ անվստահություն սերմանողը հենց իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է՝ իր քայլերով, իսկ ատելության քարոզում, ժամանակն է ցույց տվել, գործող իշխանություններն անգերազանցելի են: 

Ինչ վերաբերում է իշխանություններից հետագայում հաշիվ պահանջելուն, ապա դա ևս լուրջ չէ, որովհետեւ չի կարելի գայլին հալածել միայն հոտը հոշոտելուց հետո: Չեմ ուզում մտածել, որ նա չգիտի` ովքեր են Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտոնյաները, ավելին` վստահ եմ, որ բավարար չափով ծանոթ է նրանցից շատերի անմեղսունակությանը, որովհտեւ նրանցից շատերը հենց իր քաղաքական ջերմոցի պտուղներն են: 

Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին պատկանող լրատվամիջոցների գործունեությանը` դիտավորյալ շրջանցելով իշխանական կամակատար կամ հենց իշխանության սեփականությունը հանդիսացող մի շարք լրատվամիջոցների, մասնավորապես՝ «Հայկական ժամանակ» օրաթերթին, նոր իշխանությունների ժամանակ վերակենդանացած «Չորրորդ իշխանություն» կոչված աղբանոցին և այն կայքին, որտեղ նա հրապարակել է այդ հոդվածը: 

Այնուամենայնիվ, նկատեմ, որ Տեր-Պետրոսյանի տողերի մեջ պիտանի շատ հատվածներ էլ կային, մասնավորապես համավարակի կանխարգելման հետ կապված: Ցավոք սրտի, արգո գիտնականը «մոռացել էր» նշել մի շարք կարեւոր փաստեր: 

Նախ այն, որ համավարակի այս մեծ չափով տարածվածության պատճառը Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանն են, որոնք այդ վիրուսին ուղղակի «անլուրջ, անտեր շան» տեղ էին դրել: Բացի այդ, նա պետք է նշեր, որ ստեղծված իրավիճակում պետք է ձեռնպահ մնալ սուտ խոսելուց, ժողովրդին խաբելուց ու մոլորեցնելուց. ռազմավարություն, որով այսօր առաջ է շարժվում գործող իշխանությունը: 

Այդ «մոռացկոտությունը» ցույց է տալիս, որ ԼՏՊ-ի գրության բունն նպատակն ու շարժառիթները բոլորովին այլ են։ Ճգնաժամի օրերին տալով իրեն ողջ կյանքը երկրպագած, սեփական աշխատավարձը իր ընտրական շտաբի խտասկավառակների և բուկլետների տարածմանն անձնուրացաբար ծառայեցրած Արսեն Թորոսյանի անունը՝ Տեր-Պետրոսյանը փորձեց ներկայիս իշխանություններին շրջանում վերականգնել իր հեղինակությունն ու վարկանիշը։ 

Այդուհանդերձ, որքան էլ արժեքային նույնականությանն ու գաղափարական փոխկապակցվածությանը,  Փաշինյանը դժվար թե այդքան միամիտ լինի և չկարծի, որ իր կնքահայրն արդեն սպառված գործիչ է, եւ որքան էլ «վարպետաց դասեր» տա գործող իշխանությանը, այլևս ունի զրոյական ազդեցություն երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության վրա:  

Գեւորգ Գյուլումյան