կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-03 15:35
Հասարակություն

Պայմանավորված ստեղծված արտակարգ դրությունով՝ վճարումները մեզ մոտ հետաձգվել էին մարտ ամսին. Family Net-ի պարզաբանումը

Պայմանավորված ստեղծված արտակարգ դրությունով՝ վճարումները մեզ մոտ հետաձգվել էին մարտ ամսին. Family Net-ի պարզաբանումը

Երեկ՝ Yerkir.am-ն ահազանգներ էր ստացել Ջրվեժ թաղամասից, թե մալուխային հեռուստատեսության և ինտերնետի մատակարար Family Net (F Net) կազմակերպությունն ոչ բարեխիղճ գործունեություն է ծավալում և ճգնաժամային պայմաններում զրկում է քաղաքացիներին համացանցի ու հեռուստատեսության հնարավորությունից։ 

Այսօր Family Net-ը՝ ի դեմս ընկերության Մարքեթինգի և PR ղեկավար Սոնա Մադոյանի, ի պատասխան Yerkir.am-ի հրապարակման, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում է.

«Նախ ձեզ տրված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը և ձեր տված որակավորումը՝ «ոչ բարեխիղճ ընկերություն» անհիմն է։

Սկսեմ նրանից, որ պայմանավորված ստեղծված դրությունով, վճարումները մեզ մոտ  հետաձգվել էին մարտ ամսին՝ ամսվա սկիզբից տեղափոխելով ամսվա վերջ։
Երկրորդ մեր պարտաճանաչ բաժանորդների համար մշակվել է վճարային պարտավորությունների հետաձգման հատուկ  համակարգ, որով բաժանորդները կարող են այս կրիզիսային ամիսներին ստացած ծառայությունների դիմաց վճարումը կատարել մինչև սույն թվականի դեկտեմբերի 20ը՝ ցանկացած ժամանակ՝ նախօրոք ստորագրելով պարտավորագիր այդ մասին։
Եվ անդրադառնալով բողոք ներկայացրած բաժանորդին՝ նշեմ, որ վերջինս չի կարողացել օգտվել այդ առաջարկից, քանի որ ինչպես ինքն է նշում պարտք է ունեցել նաև նախորդ ամիսներից։ Եվ մինչ ծառայության կասեցումը, մի քանի անգամ կապ է հաստատվել բաժանորդի հետ՝ փորձելով գալ փոխհամաձայնության, ինչպես մնացած բոլոր բաժանորդների դեպքում։
Հետո անդրադառնամ վճարման միջոցներին։ Նախորդ տարվանից ակտիվ աշխատանքներ են տարվում էլեկտրոնային վճարման համակարգին անցնելուն և այժմ արդեն մեր բաժանորդների 80%ից ավելին հնարավորություն ունի ծառայությունների դիմաց վճարումը կատարել Telcell, Easypay և Idram վճարային համակարգերով։ Մոտակա ամիսներին այդ հնարավորությունը կունենան բոլորը՝ տեխնիկական մի քանի խնդիր լուծելուց հետո։
 
Մինչ այժմ այն բաժանորդները, ովքեր հնարավորություն չեն ունեցել վճարել նշված վճարային համակարգերով, վճարումներ կատարել են մեր սպասարկման կենտրոններում, իսկ հատուկ այն բաժանորդների համար, ովքեր դժվարացել են մոտենալ գրասենյակ, մենք ունենք աշխատակից, ով ծառայությունների դիմաց վճարումը գանձում է տանից՝ հնարավորինս քիչ անհանգստություն պատճառելու համար մեր բաժանորդներին։
 
Իսկ ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոն մոտեցնելուն, քանի որ մեր աշխատակիցը չէր կարող նախապես ՀԴՄ կտրոն տպել, նախքան վճարում անելը և չէր կարող նաև սարքը մոտեցնել իր հետ, այդ պատճառով մոտեցրել է կտրոն՝ ընկերության կնիքով , ոչ թե ինչ-որ «թուղթ», ինչպես նշել է բաժանորդը, որպեսզի վերջինս համոզված լինի, որ վճարում կատարում է հենց մեր աշխատակցին։
Բազմաթիվ այլ միջոցառումներ ևս իրականացվում են հատկապես այս օրերին մեր բաժանորդների ու ընդհանրապես բոլորիս մոտ ստեղծված ծանր դրությունը մի փոքր մեղմացնելու և դրական լիցքեր փոխանցելու համար, որոնց մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ մեր կայքից կամ սոցիալական էջերից։
 
Եվ վերջում ցանկանում եմ բոլորիս մաղթել ամենակարևորը համբերություն, առողջություն և անկոտրում կամք ստեղծված դրությունը հաղթահարելու համար»։