կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 13:21
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում մարտ ամսին

Ինչ եղանակ է սպասվում մարտ ամսին

Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից, հետևաբար` ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ` մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2°C, երրորդ տասնօրյակում`+0,5°C:

 

 

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1...-4°C, Լոռիում (Տաշիրում` -3°C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0...+2°C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3...+8°C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:

 

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված` մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28...-34°C, նախալեռներում` -24...-30°C, հովտային շրջաններում` -13...-17°C, Արարատյան դաշտում` -17...-25°C:

 

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է 19...22°C նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23...27°C, Սյունիքի հովիտներում` 25...30°C:

 

Երևանում միջին ամսական ջերմաստիճանը 5,1 °C է, առաջին տասնօրյակում` 3,0°C, երկրորդ տասնօրյակում` 5.0°C և երրորդ տասնօրյակում` 7,2°C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ. քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°C, բարձրադիր մասերում` -16.4°C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 27°C և 2001թ.` 24.8°C :

 

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13 օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

 

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +3°...+5°C:

 


Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:


Մարտի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է: Վերջին 20-25 տարիների ընթացքում ծիրանենու ամենավաղ ծաղկումը եղել է 2010թ. մարտի 12-14-ը:

 


Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+8°C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-4 °C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +19...+23°C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-2°C, առավելագույնը՝ 9...12°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35մմ):

 

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-3 որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8..-13 °C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +9...14°C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -9...-14°C, առավելագույնը՝ 2...4°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60մմ) :


Լոռու մարզ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...3°C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10...-14 °C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +12...+17°C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -4...-6°C, առավելագույնը՝ 5...7°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-40մմ):

 

Տավուշի մարզ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3..6°C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5...-8 °C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +2°...+25°C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-3°C, առավելագույնը՝ 8...10°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-50մմ):



Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +5...7°C, լեռնային շրջաններում` 0...-2°C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև -2...-5°C, լեռնային շրջաններում՝ -8...-13°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +19...+23°C, լեռնային շրջաններում՝ +8...+11°C(դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0...-1°C, լեռնային շրջաններում՝ -7...-8°C, առավելագույնը հովտային շրջաններում 10...11°C, լեռնային շրջաններում՝ 1...2° C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 50-80մմ):

 

Սյունիքի մարզ


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7...9°C, նախալեռնային շրջաններում` +1...+3°C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև 0...-3°C, ախալեռնային շրջաններում՝ -6...-10°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +23...+25°C, նախալեռնային շրջաններում՝ +14...17°C (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0...3°C, նախալեռնային շրջաններում՝ -2...-5°C, առավելագույնը հովտային շրջաններում 12...14°C, նախալեռնային շրջաններում՝ 6...8°): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել(նորման 35-75մմ) :

Երևան 


Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+7°C (նորման՝ 5.4°C), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3...-4°C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +21...+23°C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-1°C, առավելագույնը՝ 10...11°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40 մմ):

 


Սևանա լճի 2015թ. հունվար ամսվա ջրային հաշվեկշիռը


Սևանա լճի ավազանում հունվարին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -7.2...-3.0°C, որը նորմայից բարձր է 1.4 - 2.6 աստիճանով: Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հունվարի 6-ին՝ 5.0...6.0°C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 3.5-7.0 աստիճանով: Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հունվարի 10-ին` -16.0...-15.0°C (Մասրիկում և Գավառում՝ -25°C), երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2.0-8.6 աստիճանով:

 

Ամսվա ընթացքում տեղումները կազմել են նորմայի 95-130% (Մասրիկում՝ 171%): Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 99%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 22.3 մլն.խոր.մ, որը կազմում է նորմայի 100%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 72.9 մլն խոր.մ, որը կազմում է նորմայի 115%: Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում իջել է 1.5 սմ և կազմել 1900.115մ: