կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-27 21:01
Արցախ

Անհրաժեշտ է ներդաշնակ համագործակցություն

Անհրաժեշտ է ներդաշնակ համագործակցություն

«Դրօշակ»-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ:

— Հարգելի՛ ընկ. Դավիթ, ԱՀ համապետական ընտրությունների քարոզարշավը մոտենում է եզրագծին, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք այն՝ ինչ մթնոլորտում անցավ, քաղաքական ուժերն ու գործիչները ներկայացրի՞ն իրենց ծրագրերը:

— Այս ընտրություններն առաջին անգամ են ընթանում ԱՀ Սահմանադրությամբ սահմանված ընտրակարգով, և ընտրությունների առաձնահատկությունն այն է, որ խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ, ասել է թե` նույն օրը: Մենք ժամանակին (2017 թ.) դեմ էինք այդ համակարգի հաստատմանը: Այնուհանդերձ, հաշվի առնելով, որ Սահմանադրությունն ընդունվել է մեր ժողովրդի մեծամասնության կողմից, առաջնորդվում ենք հենց այս Սահմանադրությամբ: Ինչպես և նախատեսում էինք, այս ընտրությունները պետք է ընթանային բավականին սուր մրցակցային, մթնոլորտում: Բայց անցած մեկ ամսվա քարոզչությունը ցույց տվեց, որ այդ մրցակցությունը ոչ թե հիմնականում գաղափարների, այլ իշխանության ղեկին սեփական տեղն ունենալու ձգտումներով է պայմանավորված: Ընտրությունների նախապատրաստական փուլում` անցած մեկ տարվա ընթացքում, գրանցվեցին նոր կուսակցություններ, մենք ականատես եղանք քաղաքական վերադասավորումների, որոշ կուսակցություններ տրոհվեցին կամ միավորվեցին այլ կուսակցությունների հետ: Այս ընտրություններում կենտրոնացումն ավելի շատ նախագահական ընտրությունների վրա է, և խորհրդարանական ընտրությունները երկրորդական պլան են մղված: Այնուհանդերձ, անցած մեկ ամսվա քարոզարշավը ցույց տվեց, որ ընտրությունների նախապատրաստական գործընթացը ոչ այնքան քաղաքական և գաղափարական հենքի վրա է կառուցված, որքան սոցիալական հիմնախնդիրների երևան հանման, ժողովրդի մեջ իշխանություններից դժգոհության զգացական խորապատկերի և առաջիկայում իշխանության պատասխանատվությունը ստանձնելու հիմնահարցի: Քարոզարշավն առաջին երեք շաբաթներին առերևույթ բնականոն ընթացք ուներ, և թե՛ նախագահի, թե՛ պատգամավորների թեկնածուները ներկայացնում էին իրենց պատկերացումները ապագա զարգացումների, ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ: Կորոնավիրուսի տարածման վտանգը, սակայն, Արցախում փոխեց քարոզարշավի բնույթը. այն ավելի շատ անհատական աշխատանքների, սոցիալական մեդիա հարթակ տեղափոխվեց:

— Դաշնակցությունն ինչպե՞ս իրականացրեց իր քարոզչությունը: Հետևելով Արցախում Դաշնակցության և մասնավորապես Ձեր իրականացրած աշխատանքին` քիչ թե շատ տեղյակ ենք, որ բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել: Բնականաբար, այդ հանդիպումներում խոսվել է շատ բաների մասին: Կուզենայինք` ներկայացնեիք, թե ինչ հիմնական խնդիրների շուրջ է եղել Դաշնակցության ասելիքը: Այլ խոսքով` որո՞նք են Դաշնակցության քարոզչության առանցքային հարցերը:

— Մենք մեր քարոզարշավը կառուցում ենք այն սկզբունքային կետերի վրա, որոնք նախանշել ենք ծրագրային հիմնադրույթներում: Ներկայացրել ենք 9 սկզբունքային կետեր, որոնց շուրջ կառուցում էինք մեր քարոզարշավը: Դրանք են՝

— Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումը և վերականգնումը,

— Արցախի անվտանգության ապահովման և իրավական կարգավիճակի հստակեցման նպատակով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը,

— սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների իրավահավասարության և օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,

— կոռուպցիայի և հովանավորչության դեմ անզիջում պայքարի միջոցով քաղաքացիների լիակատար հավասարության ապահովումը,

— պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնման ու ամրապնդման նպատակով Արցախի Հանրապետության նոր սահմանադրության ընդունումը,

— վերաբնակեցման համակարգված, լայնածավալ և հետևողական իրականացումը,

-երիտասարդ քաղաքացիների ինքնադրսևորման հնարավորությունների լիակատար ապահովումը,

— ազգային հարստության՝ բնական պաշարների խելամիտ և օպտիմալ օգտագործման ապահովումը,

— «Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանական համակարգի կատարելագործումը,

— Ժողովուրդն ինչպե՞ս է ընդունում Դաշնակցության քարոզարշավի ընթացքում արծարծված խնդիրները: Հիշենք, որ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանի Հանրապետությունում, անկախ արդյունքներից, կուսակցության համար միշտ կարևորվել է սեփական գաղափարների ու մոտեցումների մատուցումը ժողովրդին՝ սկսած Արցախի հարցի վերջնական լուծման վերաբերյալ կուսակցության մոտեցումից մինչև սոցիալական հարցերը, Արցախի զարգացման հեռանկարները և այլն: Եվ ունե՞ք որոշակի բավարարություն տեղի ունեցած հանդիպումներից ու կատարված քարոզչությունից:

— Ժողովուրդն ակնկալում է կոնկրետ ու նպատակային մոտեցումներ, և ներկայացվող գաղափարական, սկզբունքային հարցերն այնքան էլ ընկալելի չեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հասարակությունն այնքան էլ քաղաքականացված չէ: Բայց և այնպես, ժողովրդի մեջ մտահոգություն կա Արցախի հիմնահարցի հանգուցալուծման և մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ժողովուրդը Դաշնակցությունից ակնկալում է ավելի մեծ պատասխանատվություն: Քարոզարշավի ընթացքում մենք ժողովրդին փորձում էինք հորդորել ավելի մեծ վստահություն ցուցաբերել Դաշնակցության նկատմամբ: Այդ առումով մենք ժողովրդին բացատրում ենք մեր հնարավորությունները: Իհարկե, Դաշնակցությունը միշտ էլ հավատարիմ է իր սկզբունքներին և, անկախ ստացած վստահության քվեներից, միշտ ավելին է անում: Սա մեր առաքելությունն է, այն սկզբունքներն ու նպատակները, որոնցով Դաշնակցությունը 130 տարի գործել է: Այս հանգրվանում շատ կարևոր է ընտրողներին բացատրել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները և Դաշնակցության դերակատարությունը Արցախի կյանքում: Ներկա իրավիճակը համեմատելի է Արցախյան շարժման առաջին տարիների հետ, երբ Դաշնակցությունը վերադարձավ Արցախ, կազմակերպեց ժողովրդի ընդվզումը, ինքնապաշտպանությունը և դրեց ճիշտ ուղու վրա: Հոգ չէ, թե հետո ինչ տեղի ունեցավ, ինչ տեղ զբաղեցրեց Դաշնակցությունը պետական համակարգում: Կարևորը` այդ հիմնաքարը դրվեց: Մենք ներկայումս այնպիսի հանգրվանում ենք, որ անհրաժեշտ է 1990-ական թվականների ազգային շահերի պաշտպան հանդիսացող ուժերի համախմբում, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորում: Այստեղ Դաշնակցությունը լուրջ անելիք ունի, Դաշնակցության առաքելությունը և դերակատարությունը որպես առաջնորդող ուժ այստեղ ակնհայտորեն զգացվում է: Մենք կարող ենք այս ամենը գիտակցելով մեզ վրա պատասխանատվություն վերցնել: Եվ այս առումով ժողովուրդը պետք է մեզ վստահի, որպեսզի հնարավորություն ունենանք ստանձնելու այդ պատասխանատվությունը:

— Ընտրությունները բոլոր պարագաներում կավարտվեն որոշակի արդյունքներով: Անկախ նրանից, թե մասնակիցներից ով ինչ հաջողություններ կգրանցի, Արցախի համար ի՞նչ նշանակություն ունեն ընտրությունները:

— Ինչպես արդեն նշեցի, ընտրությունները տեղի են ունենում բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Այս ընտրությունները կանխորոշելու են Ղարաբաղի ապագան, ձևավորվելիք գործադիր և օրենսդիր իշխանությամբ է պայմանավորված լինելու մեր զարգացման հեռանկարն ու մեր ապագան: Մենք որոշ մտահոգություններ ունենք ներքին դաշտում առկա մթնոլորտի վերաբերյալ. քաղաքական ուժերի միջև մրցակցային պայքարն աստիճանաբար վերածվում է քաղաքական անհանդուրժողականության: Մենք բարձրաձայնում ենք մեր մտահոգություններն ու նախազգուշացնում հնարավոր վտանգների մասին: Մենք նմանօրինակ ժամանակաշրջան ենք ապրել 1990-ական թվականներին և դրա գինը վճարել ենք: Պետք է ոչ վաղ անցյալի պատմությունից դասեր քաղել: Ընտրությունների արդյունքը և հետընտրական գործընթացն ավելի կարևոր են լինելու, քան նախընտրականը: Հենց այս նկատառումներից ելնելով` մենք փորձել ու փորձում ենք հավասարակշռված քաղաքականություն վարել: Անցած տարիներին մենք անմիջական շփման մեջ ենք եղել ժողովրդի հետ: Տեսնում ենք, որ իշխանություն-ժողովուրդ երկխոսությունը լիարժեք չէր: Դաշնակցությունն այստեղ, իր նկարագրին ու իր սկզբունքներին հավատարիմ, անցած 5 տարիներին փորձել է հնարավորինս պահպանել ժողովրդի հետ երկխոսությունը՝ քաջատեղյակ լինելով իշխանությունների նկատմամբ ժողովրդի մեջ առկա անվստահությանը, դժգոհություններին, արմատական փոփոխությունների ակնկալիքներին: Մեզ համար ամենակարևորն ընդհանուր կայունության ապահովումն է, որը թելադրված է մեր արտաքին ու ներքին մարտահրավերներով: Այդ քաղաքական կայունությունը հնարավորություն կընձեռի հեզասահ լուծելու առկա բոլոր խնդիրները: — Ակնհայտ է, որ, անկախ իր գրանցած արդյունքներից, ՀՅԴ-ն պիտի շարունակի աշխատանքները` հանուն Արցախի հարցում մեր ազգային նպատակների իրականացման: Ի՞նչ անելիքներ ունեն Դավիթ Իշխանյանը և Դաշնակցության Արցախի կառույցը մարտի 31-ից հետո: — Դաշնակցությունը չի ծնվել այս կամ այն ընտրության համար: Դաշնակցության առաքելությունը մեր ժողովրդին ծառայելն ու առաջնորդելն է: Ընտրություններից հետո էլ Դաշնակցությունը հավատարիմ է մնալու իր սկզբունքներին, շարունակելու է իր որդեգրած քաղաքական գիծը՝ ազգային-ազատագրական պայքարում ունեցած հաջողություններն առավել ամրապնդելու ուղղությամբ: Արցախի ներքին և արտաքին կյանքում վերջին 30 տարիների ընթացքում Դաշնակցությունը շատ կարևոր դերակատարություն է ունեցել: Չի կարող Դաշնակցության նախագահի թեկնածուն ունենալ ՀՅԴ սկզբունքներից տարբերվող ծրագիր: Իմ մոտեցումներն ամբողջությամբ զետեղված են Դաշնակցության ընդհանուր ծրագրային հիմնադրույթներում: Ես անձամբ կուսակցության շրջանակներում շարունակելու եմ իմ գործունեությունը՝ փորձելով ընդլայնել Դաշնակցության տեղն ու դերն Արցախի ներքին կյանքում:

— Քվեարկության նախօրյակին ի՞նչ պատգամ ունեք այս ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին և Արցախի ժողովրդին:

— Ամիսներ առաջ մենք հրապարակավ փորձեցինք քաղաքական ուժերի ընդհանուր համախմբում կազմակերպել և միասնական օրակարգ ձևավորել: Իմ պատգամն ավելի շատ ուղղված է քաղաքական ուժերին և գործիչներին, որովհետև հասարակության և պետականության զարգացումը մեծապես պայմանավորված է նրանցով: Անհրաժեշտ է հասարակության, քաղաքական ուժերի և իշխանության ներդաշնակ համագործակցություն: Քաղաքական ուժերն այդ համագործակցության շարժիչ ուժը պետք է լինեն: Ցավոք սրտի, այս առումով ունենք բաց, և իմ հորդորն է, որ այդ բացը լրացվի: Այս համախմբումը, համագործակցությունը, միասնության կերտումը միայն մեկ կամ երկու քաղաքական ուժի չէ, որ վերապահված է, այլ ընդհանուր քաղաքական դաշտին: Այն բոլոր կուսակցությունների և քաղաքական գործիչների առաքելությունն եմ համարում:

Հարցազրույցը վարեց Տաթևիկ Աղաջանյանը