Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը եկույթ է ունեցել Ստեփանակերտում ընթացող ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին:
Yerkir.am-ը ներկայացնում է նրա խոսքն ամբողջությամբ.
«Մեծահարգ պարոն նախագահ,
Գերաշնորհ սրբազան հայր,
Հարգարժան պետական ներկայացուցիչներ,
Շատ սիրելի հյուրեր, հայրենակիցներ և ընկերներ,
Ահավասիկ, Ձեր հետ են մեր Հայ Դատի բանակի ներկայացուցիչները, որոնք արծվաբույն Արցախում են հավաքվել՝ շարունակելու Հայ Դատի խորհրդաժողովի աշխատանքները: Նրանք եկել են մեզ հետ վերահաստատելու, որ անխոնջ աշխատելու ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մնա հավերժական, հզոր, անվտանգ ու շարունակաբար զարգացող:
Մեր Հայ դատի զինվորագրյալները եկել են վերահաստատելու հայրենիք-Սփյուռք միասնությունը, քաջ գիտակցելով, որ հզոր հայրենիքը և հանձնառու Սփյուռքը մեկ ամբողջություն են կազմում: Մենք բոլորս եկել ենք, որպեսզի Արցախյան ազատամարտում ծնված, մեր ծաղկող Արցախի Հանրապետությունը բոլորի գուրգուրանքի առարկան շարունակի մնալ, որպեսզի այն լինի պինդ, հայակոփ ու զարգանա առանց զիջումների:
Մեր սերնդի մեծագույն իրագործումներից է Արցախի ազատագրումը Ադրբեջանի ջարդարար ճիրաններից և անհրաժեշտ է, որ բոլորով աշխատենք, որպեսզի արյամբ ու քրտինով ձեռք բերված Արցախի ազատագրումը չմսխվի դիվանագիտական սեղանների շուրջ:
Արցախի ազատագրումը, անկախացումը և ի վերջո Հայաստանին միացումը ՀՅԴ-ի և մեր Հայ Դատի համակարգի համար կարևորագույն առաջնահերթություն է: Արցախով է, որ գործնականանում է ամբողջական Հայաստանի տեսլականի առաջին կարևորագույն հանգրվանը: Արցախի գոյամարտով պետք է սնվի մեր երիտասարդությունը, նոր սերունդը՝ վկայելով, որ մեր ժողովրդի մեջ անմար կմնա հեղափոխական սխրանքը, ազատատենչությունը և մեր իրավունքները նույնիսկ կյանքի գնով պաշտպանելու հանձնառությունը:
Եվ ահա, մեր Հայ Դատի ընկերներն ու ընկերուհիները եկել են այստեղ՝ մեկ անգամ ևս շեշտելու, որ այդ հանձնառությունից ծնված Արցախի Հանրապետությունը ամեն գնով հարկ է պաշտպանել, անվտանգության միջազգային երաշխիքներ ապահովել, նրա ինքնորոշման իրավունքը շեշտադրել և փաստել, որ Արցախին ուղղված յուրաքանչյուր հարված հարված է ամբողջ հայությանը: Ըստ այդ այդ հարվածները կարժանանան համապատասխան համահարվածի:
Հայ Դատի զինվորագրյալներն այստեղ են հավաքվել նաև միջոցներ որոնել, որպեսզի Ջավախքի մեր քույրերն ու եղբայրները ամուր կառչած մնան իրենց հողին, որպեսզի նրանց մարդկային, անհատական ու հավաքական իրավունքները չոտնահարվեն և չխաթարվի նրանց հայկական պայծառ դիմագիծը:
Պետք է քննարկենք նաև Արևմտահայաստանում աշխատանքի դաշտի զարգացումը, պոլսահայության իրավունքների խնդիրը և օժանդակության հարցերը, հայրենիքից դուրս ամենուրեք հայակերտման, հայության վերադարձի խնդիրը և երիտասարդության ներգրավումը, ՀՅԴ տեսլականով տոգորումը և ժողովրդին ծառայելու պատրաստակամության ամրապնդումն ու քաղաքականացումը:
Հայ Դատի զինվորագրյալները եկել են բերելու նաև միասնականության պատգամ, որովհետև ժամանակն է հաստատելու համազգային օրակարգ, որի շուրջ կհամախմբվի ողջ հայությունը և լծվի Հայ Դատի մեր սուրբ պայքարին:
Թույլ տվեք պարոն նախագահ, սիրելի սրբազան հայր, հարգարժան հյուրեր մեկ անգամ ևս շեշտադրելու մեր վճռականությունը կանգնել Ձեր կողքին, որպեսզի Արցախը մնա պինդ, կայուն, Արցախը զարգանա համահայկական մղումով, Արցախը լինի ողջ հայության լավագույն նպատակակետը և Արցախը սերունդներին ներշնչի այն հաստատ հավատքով, որ կամքի առկայության դեպքում նպատակը տկարություն չի ճանաչում: Շնորհակալություն»: