կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-22 14:29
Տարածաշրջան

Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Իրանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հայտնի է, թե հայ թեկնածուներից ովքեր են անցել խորհրդարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածու Արա Շահվերդյանի շտաբի պետ Րաֆֆի Փիրումյանը հայտնել է, որ քվեների ստացման ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արա Շահվերդյանը:

«Իրանի հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում էր 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Արա Շահվերդյանը ստացել է շուրջ 66 տոկոս քվե: Դա նշանակում է, որ այս ընտրատեղամասում երկրորդ փուլ չի անցկացվելու, քանի որ կա թեկնածու, որը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն: Այնպես որ՝ նոր ձևավորվող խորհրդարանում իր տեղն ունի Արա Շահվերդյանը»,- ասել է Րաֆֆի Փիրումյանը:

Երկրորդ փուլ անցկացվելու է այն ընտրատարածքներում, որտեղ որևէ թեկնածու 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել:

Փիրումյանը հայտնել է, որ Իրանի հարավային հատվածում բարձր տոկոսով հաղթանակ է տոնել Ռոբերտ Բեգլարյանը: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում էին Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը:

Իրանի Մեջլիսն ունի 290 տեղ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները: