կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-09 12:17
Քաղաքական

Փորձում ենք հնարավորինս լուծել բնակչության խնդիրները

Փորձում ենք հնարավորինս լուծել բնակչության խնդիրները

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդրանիկ նիստում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնց մասին ‹‹Ապառաժը›› խոսել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Ամերիկայի «Արցախֆոնդ›› բարեգործական հիմնադրամի Արցախի մասնաճյուղի տնօրեն Տրդատ Մարտիրոսյանի հետ:

Տրդատ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ 2020թ. Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու առաջին նիստի ժամանակ ստեղծվել են հատուկ հանձնախմբեր, որոնք զբաղվելու են մայրաքաղաքի մի շարք խնդիրների լուծման հարցերով:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Ղուլյանի գլխավորած ինքնակամ շինությունների հանձնախմբում է ընդգրկվել Տրդատ Մարտիրոսյանը: Նրանք կարգավորելու են առանց թույլտվության շինություններ իրականացնելու հարցերը:

Ըստ Տրդատ Մարտիրոսյանի՝ մայրաքաղաքի բնակիչներն իրազեկված չեն շինարարություն իրականացնելու դրույթների մասին: Ավագանու անդամի խոսքով՝ հենց անտեղյակությունից են շատերն ինքնակամ շինություններ կառուցում, առանց գիտակցելու, որ դրա թույլտվության համար պետք է նախօրոք դիմել քաղաքային համայնքին:

‹‹Ընդունվող բողոքների, դիմումների հիման վրա այս տիպի ցանկացած հարց ուսումնասիրվում է մեր հանձնախմբի կողմից եւ կարգավորվում օրենքի պահանջներին համապատասխան››,- հավելել է նա:

Դեռեւս նախընտրական շրջանում Տրդատ Մարտիրոսյանը հանդես է եկել «Կանաչ աղբյուր» ծրագրով: Մայրաքաղաքի ջրային պաշարների նվազման կանխարգելման ուղղությամբ մի շարք ծրագրեր են մշակվել, որոնցից Տրդատ Մարտիրոսյանը անհրաժեշտ եւ առաջնային է համարում մայրաքաղաքում եւ շրջակա տարածքում ծառատնկման եւ անտառատնկման աշխատանքները՝ կարեւորելով ջրային պաշարների կուտակման վրա ծառերի ունեցած մեծ ազդեցությունը:

‹‹Այս տարվա գարնանը Ստեփանակերտի քաղաքային համայնքի աջակցությամբ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ նախատեսել ենք Ստեփանակերտում եւ շրջակայքում իրականացնել ծառատնկման աշխատանքներ››,-հավելել է նա:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամը խոսել է մայրաքաղաքի տարաբնույթ խնդիրների վերաբերյալ իր մտահոգության մասին: Նրա խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են իրենց տարբեր հարցերով: Մայրաքաղաքն ունի փողոցների բարեկարգման, արտաքին լուսավորման ցանցի արդիականացման, սանիտարական մաքրման աշխատանքներ:

Տրդատ Մարտիրոսյանն այս կապակցությամբ նշել է, որ քաղաքային համայնքի ավագանին կատարում է այդ աշխատանքները:

‹‹Ինքս անձամբ հանդես եմ եկել Վաղարշ Վաղարշյան փողոցի մի շարք խնդիրների լուծման առաջարկներով: Արագ լուծվել են թաղային աստիճանների բարելավման, աղբահանության խնդիրները››,- հավելել է նա:

Հասմիկ Հակոբյան