կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-24 17:13
Քաղաքական

Ուկրաինայի հայ համայնքում խուճապ չկա, փորձում են խնդիրները տեղում լուծել․ Արման Աբովյան

Ուկրաինայի հայ համայնքում խուճապ չկա, փորձում են խնդիրները տեղում լուծել․ Արման Աբովյան

Այս պահին ավելի շատ պետք է կենտրոնանալ Ուկրաինայում գտնվող հայերի վիճակի վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նախկին խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

Նա վստահեցրեց, որ կապ է հաստատել Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Խոսել եմ մեր հայրենակիցների հետ, մերոնց մոտ խուճապ չկա։ Խոսքը Ուկրաինայի համայնքային կազմակերպությունների մասին է․ նրանք կոորդինացնում են իրենց քայլերը, որպեսզի խնդիրները փորձեն լուծել տեղում»,-ասաց Արման Աբովյանը։

Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելը նա մեկնաբանեց, որ Ռուսաստանն իրականացնում է իր անվտանգային համակարգի դոկտրինը, որի մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր օրեր առաջ։

«Հաշվի առնելով, որ Ուկրաինան դիտարկվում է Ռուսաստանի կողմից որպես Արևմուտքի պլացդարմ ապագա պատերազմի համար, ապա հարկ եմ համարում նշել հետևյալ հանգամանքը․ ռուսները հայտարարեցին, որ չեն պատրաստվում պատերազմի դասական իմաստով՝ օկուպացիա, և միակ խնդիրը ապանացիֆիկացիան է»,-ասաց նա։

Դեպի ուր կզարգանան իրադարձություններն Արման Աբովյանը այս պահին դժվարացավ ասել, բայց որ Ռուսաստանը առավել քան վճռական է տրամադրված՝ նրա համար ակնհայտ է։

Արման Աբովյանը կարծում է՝ թուրք-ադրբեջանական ոհմակը այս կամ այն ձևաչափով կարող է օգտագործել այս իրավիճակը իրենց հակահայկական քայլերի համար։

«Հաշվի առնելով իրենց լկտի պահվածքը առհասարակ՝ այդ զարգացումների հնարավորությունը բավականին բարձր է»,-ասաց նա։

Այս ռազմական գործողությունների մեկնարկի նախօրեին Ռուսաստանը Ադրբեջանի հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր ստորագրեց․ արդո՞ք սա չի զսպի Արդրբեջանին՝ հարցին, Արման Աբովյանը պատասխանեց, որ Ադրբեջանը չի հանդիսանում անկախ պետություն, Ադրբեջանը Թուրքիայի շրջաններից մեկն է, պետք է ուշադրություն դարձնենք Թուրքիայում զարգացումներին։

Նա, սակայն, ընդունեց, որ Ռուսաստանին այս պահին ձեռնտու չէ իր շահերի գոտու՝ Հարավային Կովկասի, լարվածությունը, և Ռուսաստանը հետաքրքրված է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը լարվածության նոր բևեռներ չստեղծեն։

Աննա Բալյան