կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 21:54
Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Եվրոպա հյուրանոցում կայացել է Սերգեյ Փարաջանովի աշխարհը. Արվեստն առանց սահմանների» լուսանկարների ցուցահանդեսի բացումը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Եվրոպա հյուրանոցում կայացել է Սերգեյ Փարաջանովի աշխարհը. Արվեստն առանց սահմանների» լուսանկարների ցուցահանդեսի բացումը

Այսօր՝ փետրվարի 7-ին, Եվրոպա հյուրանոցում կայացել է «Սերգեյ Փարաջանովի աշխարհը. Արվեստն առանց սահմանների» լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը,  ՀՅԴ անդամներ, պետական եւ հասարակական գործիչներ, արվեստասեր հանրությունը:

Ցուցահանդեսը ներկայացվել է մոտ քսան երկրներում, իսկ Արցախում գործելու է երկու շաբաթ:

Հայտնի կինոռեժիսոր,  սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ եւ նկարիչ Սերգեյ Փարաջանովն ասել է. «Ես ունեմ երեք հայրենիք. Ես ծնվել եմ Վրաստանում, աշխատել եմ Ուկրաինայում եւ կմեռնեմ Հայաստանում»:

Միջոցառումը բացել է ԱՀ զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալության տնօրեն Սերգեյ Շահվերդյանը: Նրա խոսքով՝ ցուցահանդեսի գաղափարը ծնվել է տարիներ առաջ՝ 1989թ., երբ ճակատագրի բերումով հայտնվել է Թիֆլիսում եւ ընկերներս նրան ծանոթացրել են Սերգեյ Փարաջանովի հետ:

«Մեր հանդիպումն այնքան տպավորիչ էր, որ հիշվեց: Մի քանի ամիս առաջ ակամայից հիշեցի թիֆլիսյան այցելության մասին, եւ ինձ մոտ միտք հղացավ ի խոնարհումն արվեստագետի հիշատակին՝ կազմակերպելու այս ցուցահանդեսը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի խոսքով՝ ցուցահանդեսին ներկայացնելու համար ընտրել են հիմնականում մատչելի գործեր, որպեսզի մարդ առաջին հայացքից արագ ընկալի նրա գաղափարը: Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներն արտացոլում են նկարչի աշխարհը, նրա երեւակայությունը, բանտային տարիներն ու հայտնի գործերի վերատպությունները:

‹Ուրախ եմ, որ Ստեփանակերտում բացվել է այս ցուցահանդեսը: Ցուցահանդեսը պատկերացում է տալիս Փարաջանովի եւ նրա արվեստի մասին: Հույս ունեմ՝ սա առիթ կլինի, որ մարդիկ այցելեն Երեւան՝ նրա թանգարան››,- հավելել է նա:

1963թ. Սերգեյ Փարաջանովը ստեղծել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը նրան բերել է համաշխարհային ճանաչման: Կյանքի վերջին տարիներից սկսած մոտ 30 ֆիլմ է նկարահանվել նրա մասին: