Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկարայի Գլխավոր հանրապետական դատախազությունը Էլազըղում (պտմ. Խարբերդ) տեղի ունեցած երկրաշարժից հետո սոցցանցերում «պրովոկացիոն գրառում» անելու մեղադրանքով 50 անձի դեմ հետաքննություն է սկսել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է gazetekarinca.com կայքը:
Դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 50 օգտատեր սոցցանցերում «բնակչության մեջ տագնապ, վախ, անհանգստություն ստեղծող», «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետության, պետական կառույցներին նվաստացնող» գրառումներ են կատարել:
Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հունվարի 25-ին հայտարարել էր, որ հետաքննություն է սկսելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր սոցցանցերում երկրաշարժի վերաբերյալ անպատասխանատու պահվածքով այլ երկրաշարժերի լուսանկարներ են հրապարակել:
Հետաքննություն է սկսվել նաև հայտնի թուրք դերասան Բերնա Լաչինի նկատմամբ: Լաչինը երկրաշարժից հետո Կարմիր մահիկի թուրքական բաժնի ղեկավար Քերեմ Քընըքի՝ SMS հաղորդագրությամբ օգնություն ցուցաբերելու կոչի մասին թվիթերում գրել էր. «Մենք կտանք ամենը, ինչ ունենք. դա առանձին է, բայց ինչու է դեռ նոր տեղի ունեցած երկրաշարժից հետո առաջին բանը, որ գալիս է մտքներին՝ փողն է…»:
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) հայտարարել էր, որ հետաքննություն է սկսում «պրովոկացիոն մեկնաբանությունների և տեղեկությունների» համար:
Երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հունվարի 26-ին, ի պատասխան երկրաշարժի ժամանակ իշխանությունների գործողությունների վերաբերյալ քննադատությունների, հայտարարել էր. «Ասում են՝ ինչ են արել իշխանությունները վերջին 20 տարում երկրաշարժերը կանխարգելելու համար: Մենք ունեի՞նք հնարավորություն կանխարգելել երկրաշարժը»: