կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 18:20
Քաղաքական

Սա ոչ միայն պետության ավարտն է, այլ` բանականության ու բարոյականության. Ստեփան Դանիելյան

Սա ոչ միայն պետության ավարտն է, այլ` բանականության ու բարոյականության. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետության, բանականության եւ բարոյականության ավարտը

"Պետության" տարբեր սահմանումներ կան, սակայն նրանց բոլորի հիմքում ընկած է "օրենք" եւ "դատական իշխանություն" հասկացությունները: Եթե օրենքները եւ դատական իշխանությունը կասկածի տակ են դրվում, ապա պետությունը ավարտվում է: Անգամ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքն օրենքով հետապնդվում է, որովհետեւ չհարգել դատարանը, նշանակում է չընդունել պետության գոյությունը: Դա աքսիոմա է:

Կառավարության անդամը` նախարարը, հայտարարում է, որ դատական իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, հետո հրաժարվում է կատարել դատարանի որոշումը, սակայն մնում է իր պաշտոնին (պատժվելու մասին չենք էլ խոսում): Այսինքն, ըստ էության, հերքելով Պետության գոյությունը, նա շարունակում է մնալ նույն պետության գործադիր իշխանության պաշտոնյա` նախարար: Դա արդեն կարելի է համարել ՀՀ կառավարության քաղաքական կարծիքը:

Բայց սա չէ ամենաանտրամաբանականը: Համարելով, որ դատական իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, չկատարելով դատարանի որոշումը, ինքը դիմում է նույն դատարանին, իր "արժանապատվությունը" պաշտպանելու համար: Սա ոչ միայն պետության ավարտն է, այլ` բանականության ու բարոյականության:

Անհետեւողականությունը, անպատասխանատվությունը, քայլերի ու խոսքերի անտրամաբանականությունը, պետության ու քաղաքականության մասին պատկերացումների բացակայությունն այս կառավարության ու խորհրդարանի բնութագիրն է:

Մեջբերումները ստորեւ:

- "Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու եւ պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից"։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Թորոսյանը: "Հայկական Ժամանակ", 08/06/2019:

- "Ես ուղիղ եթերով հայտարարում եմ, որ դատարանի վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում, եւ եւս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն, ինչ ասել եմ ուղիղ եթերների ժամանակ, կրկնում եմ։ Ավելին, նորից կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ ժողովրդի մեծամասնության վստահությունը եւ կարիք ունի արմատական բարեփոխումների թե՛ պրոցեդուրալ, թե այն անձերի առումներով, որոնք շարունակում են դատական վճիռներ ընդունել" - Արսեն Թորոսյան:

17 Մարտի 2020, "Երկիր" օրաթերթ:

- "Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին: Նախարարը պահանջում է Նունե Ավանեսյանից հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել":

"Արարատնյուզ", 19 Մայիսի, 2020»։