Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը վերսկսելու է պայքարն ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման. 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը: 2019-ի դեկտեմբերի 19-ին ՀՅԴ երիտթևը այդ տարվա իր ակցիաները եզրափակեց Կառավարության շենքի առջև: Նրանք նամակ էին բերել կառավարություն, որում նշում էին, որ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում վերջին մեկ տարում կայացվել են որոշումներ, որոնք խնդրահարույց են, և, որ նախարարն իր պահվածքով մսխում է իշխող թիմի քաղաքական կապիտալը»:
Նամակում երիտթևի անդամները ձևակերպել էին նաև իրենց պահանջները ԿԳՄՍ նախարարությունից: Գոռ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց նամակին պատասխան դեռ չեն ստացել, և եթե այն շատ ուշանա, այլ քայլեր կձեռնարկվեն Կառավարության դիրքորոշումն իմանալու համար: Այս տարի ՀՅԴ ՀԵՄ-ը տեղեկատվական արշավներ է իրականացնելու:
«Մենք առաջիկայում հանդես կգանք հայտարարություններով, այս տարի մեկնարկը կսկսենք մեր ներկայացրած 6 կետերի մասին բովանդակային քննարկումներով, հանրությանը կներկայացնենք, թե ինչի՞ համար է կարևոր այս ամենը, և կրթության ոլորտում ի՞նչ խնդիրներ ենք առաջ քաշում: Կա կարծիք, որ մեր արշավն անձի դեմ է, կոնկրետ Հայոց լեզուն և Հայոց պատմությունը բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետների համար ոչ պարտադիր դարձնելու դեմ է, բայց մենք ուզում ենք ցույց տալ, որ մեր խնդիրն առհասարակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին է վերաբերում, և եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, ապա պետք է սկսենք կրթությունից: Հիմա ինչ որ կա, ինչ ուզում են անել, բնավ չի տեղավորվում մեր պատկերացրած երկրի տեսլականի մեջ»,- ասաց Գոռ Սարգսյանը:
ՀՅԴ ՀԵՄ անդամը պնդեց, որ իրենք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու և քննարկումներ ունենալու ցանկություն չունեն, քանի որ իրեն այլևս նախարար չեն համարում: 2019-ի ակցիաներից մեկի ժամանակ երիտասարդները փակել էին նախ՝ ԿԳՄՍ նախարարության մուտքի դուռը, ապա՝ Վազգեն Սարգսյան փողոցը, ոստիկանական զգուշացումներին էլ ականջալուր չէին եղել, և Ոստիկանությունը ստիպված էր եղել ուժով բացել փողոցը, 24 երիտասարդի բերման էր ենթարկել, նրանց թվում էր նաև մեր զրուցակիցը: Գոռ Սարգսյանն ասաց, որ այս մասով զարգացումներ դեռ չկան:
«Անձամբ ինձ ոչ ոք չի զանգել, որևէ տեղ չի հրավիրել: Այն ժամանակ ինձ ասել էին, որ իրավապահ մարմինների հրահանգներին չենթարկվելու համար գործ է հարուցվելու, դատարան են կանչելու, ինչ-որ վարչական տուգանք պետք է լիներ, բայց մինչև այսօր ոչինչ չի եղել»,- ասաց Գոռ Սարգսյանը: