կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-09 09:59
Քաղաքական

Դանիան եւ Լատվիան ժամանակավորապես հանում են իրենց զինվորականներին Իրաքից

Դանիան եւ Լատվիան ժամանակավորապես հանում են իրենց զինվորականներին Իրաքից

Դանիան ժամանակավորապես կհանի իր զինվորականների մի մասին Իրաքի Ալ Ասադ ավաիաբազայից, որին հրթիռային հարված էր հասցվել Իրանի կողմից։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մեթլ Ֆրեդերիքսենը, հայտնում է Reuters-ը։

Նա լրագրողներին հայտնել է, որ բազայում 130 դանիացի զինվորականներից կմնան 30-40-ը, մնացածը կուղարկվեն Քուվեյթ։ Ֆրեդերիքսենի խոսքերով՝ դանիացի զինվորները, որոնք բազավորված են Բաղդադում, նույնպես ժամանակավորապես կուղարկվեն Քուվեյթ։

Լատվիան հայտարարել է, որ նույնպես կհանի Իրաքում տեղակայված վեց զինվորներին, որոնք դանիական զորախմբի կազմում են, նրանք նույնպես Քուվեյթ կուղարկվեն։

«Առաջին հերթին այդ որոշումը կապված է անվտանգության հարցերի հետ, իսկ երկրորդ պատճառն այն է, որ ներկայում Իրաքում բոլոր վարժանքները դադարեցված են»,- հայտարարել է Լատվիայի ՊՆ ներկայացուցիչ Կասպարս Գալկինսը։

Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել էր Բաղդադի օդանավակայանի շրջանում հունվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ի հարվածներից հետո, որի հետեւանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Ի պատասխան՝ հունվարի լույս 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Իրաքի երկու օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ամերիկյան զինվորականների կողմից։