կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-29 17:24
Հասարակություն

Կյանքից անժամանակ հեռացել է ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Ռուդոլֆ Հովակիմյանը

Կյանքից անժամանակ հեռացել է ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Ռուդոլֆ Հովակիմյանը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է կուսակցական ընկեր, ազատամարտիկ Ռուդոլֆ Հովակիմյանի անժամանակ մահվան մասին և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու մարտական ընկերներին։

Ռուդոլֆ Իշխանի Հովակիմյանը Արցախյան գոյապայքարի մասնակից է։ ՀՅԴ վաշտի կազմում նա մասնակցել է Կրկժանում, Լեսնոյում, Խոջալիում, Մալիբեյլիում տեղակայված հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններին, Շուշիի, Բերդաձորի ազատագրմանը, Լաչինում տեղակայված հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների ինքնապաշտպանությանը:

Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի կազմում Ռուդոլֆ Հովակիմյանը մասնակցել է Մարտակերտի (Չլդրանի, Գյուլաթաղի, Մաղավուզի, Հեռուստաաշտարակի), Զանգելանի, Ֆիզուլու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին:

1994 թ. մայիսի 12-ի հրադադարից հետո մինչև նույն թվականի օգոստոս ամիսը մասնակցել է Մարտակերտի շրջանի Կարմիրավան-Ջրաբերդ-դաշտային կայան Մարտակերտ տեղամասի պահպանությանը։

2016 թ. ապրիլյան ակտիվ մարտական գործողությունների ժամանակ, ապրիլի 4-ից մինչև ապրիլի 24-ը մարտական հերթապահություն է իրականացրել Թալիշի մարտական դիրքերում:

Ռուդոլֆ Հովակիմյանը մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության, իսկ ԱՀ Գերագույն խորհրդի որոշմամբ՝ Շուշիի ազատագրման մեդալներով:

Ռուդոլֆ Հովակիմյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 30-ին, «Եդեմ» սգո սրահում (հասցե՝ ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Դաշտենցի փող., 68/1 շենք (ավտոշուկայի հարևանությամբ))։

Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 31-ին՝ նույն վայրից։

Մարտական փառավոր ուղի անցած ազատամարտիկ Ռուդոլֆ Հովակիմյանի աճյունը կամփոփվի «Եռաբլուր» պանթեոնում։