կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-16 18:59
Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Եռաբլուրում հարգել են հերոսների հիշատակը

28 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1991 թ. դեկտեմբերի 16-ին, Հասանաբադ գյուղի մատույցներում զոհված Վարդան Բախշյանի և պանթեոնում հանգչող մյուս ազատամարտիկների շիրիմների առջև այսօր «Եռաբլուր» պանթեոնում վերստին խոնարհվել են հարազատները, մարտական և գաղափարական ընկերները՝ հայտնում է Yerkir.am-ը։  

Այդ օրը հետախուզության մեկնած՝ ՀՅԴ վաշտի 11 հոգանոց խումբը Արցախի Հասանաբադ գյուղի մոտակայքում մարտի մեջ է մտնում թշնամու՝ գերազանցող ուժերի դեմ և, դիմագրավելով հարձակմանը, կենդանի ուժի զգալի կորուստ է կրում:

Անհավասար մարտում հերոսաբար զոհվում են Վարդան Բախշյանը, Վաչե Ռոստոմյանը և Գագիկ Գրիգորյանը:

Նրանցից Եռաբլուրում է հանգչում ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ նվիրյալ ընկեր, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչության անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սան և ապագա գիտնական Վարդան Բախշյանը։  

Եռաբլուրում է նաև՝  ՀՅԴ անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատար Արթուր Ղարիբյանը, որի ծննդյան օրն է այսօր:

Արթուր Ղարիբյանը զոհվել է 1992թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից: Ասում են՝ այդ օրը չորս փամփուշտ է ցույց տվել, ասել. «Էս մեկը Դուշմանինն է, մեկը՝ Ուզբեկինը, մյուսը՝ Վարդան Բախշյանինը, չորրորդն էլ իմն է»։

Հերոսների հիշատակը հարգելու համար Եռաբլուր էին այցելել նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Հակոբ Մաթիլյանը, Աշոտ Սիմոնյանը և ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Ներկա էին նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և "Նիկոլ Աղբալյան" ուսանողական միության անդամները։