Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադրություն ունի կրճատելու Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) բյուջեին վճարումների ծավալը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է CNN Politics-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունում (Պենտագոն) և ՆԱՏՕ-ում հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ մինչև վերջերս դաշինքի բյուջեի մոտ 22 տոկոսը բաժին էր հասնում այն միջոցներին, որոնք տրամադրվում էին Վաշինգտոնի կողմից։ Թրամփի վարչակազմը մտադրություն ունի կրճատելու դրա ծավալները՝ հասցնելով այն մինչև 16 տոկոսի։ Նշվում է, որ միայն Գերմանիան ծածկում է բյուջեի 14.8 տոկոսը։
ԶԼՄ-ի աղբյուրներից մեկը մանրամասնել է, որ ԱՄՆ-ը խնայված միջոցները կուղղի Եվրոպայում անվտանգության ոլորտի մի շարք ծրագրերի ֆինանսավորմանը։ Նմանօրինակ ծրագրերից են, մասնավորապես, Ուկրաինայում և Վրաստանում իրականացվող ծրագրերը։ Դաշինքի մնացյալ պետությունները պատրաստ են փոխհատուցել դեֆիցիտը, որը կարող է առաջանալ ամերիկյան կողմի հատկացվելիք միջոցների կրճատումից հետո։
Պաշտոնական Վաշինգտոնի նման քայլը խորհրդանշական է, քանի որ ՆԱՏՕ-ի բյուջեն, ընդհանուր առմամբ, 2.5 մլրդ դոլար է, որը չի արտացոլում դաշինքի պետությունների բոլոր ռազմական ծախսերը։ Այդ բյուջեից ֆինանսական միջոցներ կհատկացվեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանների սպասարկման, ինչպես նաև որոշ գործողությունների իրականացման համար՝ պաշտպանական ոլորտում համատեղ ներդրումների տեսքով:
CNN-ը հավելում է նաև, որ Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ մտնող երկրներին, որ նրանք, իր խորին համոզմամբ, բավականաչափ միջոցներ չեն ծախսում դաշինքի հավաքական պաշտպանության ապահովման նպատակով։ ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի մասնակից բոլոր երկրներից պահանջել է կարճ ժամկետում պաշտպանական ծախսերը հասցնել մինչև ՀՆԱ 2 տոկոսի։
Դեռևս անցյալ տարի՝ 2018-ին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ունեցած ելույթում նա առաջարկությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ երկրները ոչ միայն պետք է կատարեն այդ պարտավորությունը, այլև ավելացնեն ծախսերը մինչև ՀՆԱ 4 տոկոս։