Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը արգելափակել էր Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությունը, ինչը դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց:
Ըստ ամերիկյան Axios.com կայքի լրագրող Ջոնաթան Սուոնի՝ Օվալաձև սենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում սենատորը կշտամբել էր Էրդողանին, որն իր պլանշետով ցույց էր տալիս տեսանյութ, որում քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի առաջնորդը ներկայացվում էր որպես ահաբեկիչ: Քննադատելով Էրդողանին Սիրիա ներխուժման համար՝ Գրեհեմը հայտարարել էր. «Լավ, կցանկանա՞ք բերեմ քրդերին, որոնք կպատմեն, թե դուք ի՞նչ եք արել»:
Գրեհեմն այնուհետև լքել էր Օվալաձև սենյակը, սակայն Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խնդրել էր նրան վերադառնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը չանելու դեպքում հունից կհաներ Էրդողանին:
Հեռախոսազրույցի ընթացքում Գրեհեմը նշել էր. «Սպիտակ տան օրենսդրական հարցերով պաշտոնյան ասաց, որ Բոբ Մենենդեսը (խմբ. դեմոկրատ սենատոր, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ) պատրաստվում է բերել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, և խնդրեց ինձ՝ առարկել դրա վերաբերյալ: Ես ասացի՝ իհարկե: Միակ պատճառը, որ ես արեցի դա, այն էր, որ նա (խմբ. Էրդողանը) դեռ քաղաքում էր: Դա ոչ հարմար ժամանակ էր: Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե դա հնարավոր է»:
Հարցին, թե արդյո՞ք իրեն անհարմար է զգում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա վետո դնելու համար, սենատորն ասել է. «Այո, որովհետև ինձ դուր է գալիս Բոբը (խմբ. Մենենդեսը): Նա դրա վրա աշխատել էր երկար տարիներ, բայց ես մտածեցի, որ քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահը, ամենայն հավանականությամբ, ավելին է, քան հանրությունը կարող էր ընդունել»,– ըստ Yerkir.am-ի՝ նշել է սենատորը և հավելել, որ չի պատրաստվում հաջորդ քվեարկության դեմ առարկել:
«Հաջորդ քվեարկությունը» տեղի ունեցավ անցյալ շաբաթ: Մենենդեսն ու հանրապետական սենատոր Թեդ Քրուզը դարձյալ ներկայացրել էին Հայոց ցեղասպանության բանաձևը, որն այս անգամ արգելափակվեց հանրապետական սենատոր Դեյվիդ Փերդյուի կողմից՝ պատճառաբանությամբ, որ դրա ժամանակը չէ, բանաձևը կվտանգի Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ զգայուն հարաբերությունները տարածաշրջանում: