կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-21 18:29
Քաղաքական

ՈՒՂԻՂ․ Վանեցյանը հրաժարական ներկայացրեց ՀՖՖ նախագահի պաշտոնից

ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողների հետ զրույցում գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Վերջին արդյունքից ելնելով՝ քննարկել ենք ընդհանուր ֆուտբոլի վիճակը, որի ընթացքում պարոն Վանեցյանն իր որոշումով հրաժարական է տվել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Մենք ընդունել ենք այդ հրաժարականը և պարոն Վանեցյանին շնորհակալություն ենք հայտնել համատեղ աշխատանքի համար, գնահատել ենք միասին մեր ունեցած հաջողությունները», - ասաց Ռուբեն Ռուբինյանը։

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կշարունակի պաշտոնավարումը եւ առաջիկա մեկ ամսում ՀՖՖ ընդհանուր ժողովի զտումից հետո տեղի կունենա գործկոմի անդամների եւ ՀՖՖ նախագահի ընտրությունը՝ հայտարարեցին ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

ՀՖՖ գործկոմը հաստատել է դեկտեմբերի 23-ին հերթական ժողովի, գործկոմի անդամների եւ նոր նախագահի ընտրություն։

Արթուր Վանեցյանը չի առաջադրվի այդ ընտրություններում։

Նշենք, որ մինչ այդ Հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ էին հանդես եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամները.

«Վերջին 3 ամիսների ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, տիրող մթնոլորտը և ներքին տարաձայնություններն ունեցան իրենց ուղիղ ազդեցությունը Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների վրա՝ որոնց գագաթնակետը դարձավ Իտալիա-Հայաստան հանդիպումը։

Ժամանակավրեպ ենք համարում, Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների քաղաքական հակամարտության մեջ փնտրել մեղավորին, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այս հակամարտությունը շարունակական վնաս է հասցնում մեր ֆուտբոլին: Հաշվի առնելով վերոնշյալը կարծում ենք , որ և’ Արթուր Վանեցյանը և’ Գործադիր կոմիտեի ամբողջ կազմը պետք է հաջորդաբար հրաժարականներ ներկայացնեն:

Հույժ կարևոր խնդիր է ՀՖՖ ժողովի (սա ՀՖՖ բարձրագույն մարմինն է, որն ընտրում է և՛ նախագահին, և՛ գործկոմի անդամներին) կազմի ֆիլտրումը, քանի որ այստեղ գրանցված 35 հասարակական կազմակերպությունների գերակշիռ մասը ունեն անհայտ ծագում, մի մասը առհասարակ չի գործում և կրում է սիմվոլիկ բնույթ, ինչպես նաև այստեղ է հայտնվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի «թեթև ձեռքով»՝ ծառայելով նեղ անձնական շահերի։

«Առաջին Հայկական Ճակատ» շարժման ղեկավար խորհրդի անդամները գործկոմի նիստից առաջ հանդիպել են ՀՖՖ նախագահի հետ և առաջարկել քայլերի հետևյալ հաջորդականությունը՝ ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում՝ ձևավորելով անաչառ, իրական ֆուտբոլային մարմին, ՀՖՖ նախագահի հրաժարական, գործադիր կոմիտեի արձակում։

Կարծում ենք քաղաքական գործիչները և ֆուտբոլի հետ աղերս չունեցող մարդիկ չպետք է հայտնվեն գործադիր կոմիտեի կազմում, ինչպես նաև այստեղ չպետք է լինեն ակումբների սեփականատերը, որպեսզի չստեղծվեն անհավասար պայմաններ հայկական ակումբային ֆուտբոլում։

«Առաջին Հայկական Ճակատ» շարժման ղեկավար խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել մեր կողմից ներկայացված հրաժարականի հորդորը, պայմանով, որ գործադիր կոմիտեի անդամները ևս հեռանան և իրականացվի ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում և մաքրում անհայտ ծագմամբ և ոչ ֆուտբոլային ՀԿ-ներից, որոնք մեր պահանջների հավասարաչափ կարևոր կետերն են։

Այս հայտարարության պահանջը պետք է իրականացվի ամենասեղմ ժամկետներում, այլ ճանապարհ չկա»,- ասվում է ՖԱՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: