Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն խոսել ենք մեր օրերի Հայաստանի` «Երկիր-«Հայկական ժամանակի» մասին, երբ հորինված` 24-ժամյա իրականությունների հերթափոխն ամեն անգամ փշրվում է իրական կյանքի մարտահրավերներին բախվելիս: Երկիրը չի կարող երկար ապրել որպես թերթ, որը երեկոյան փակում են ու ուղարկում տպարան, իսկ հաջորդ առավոտյան սկսում մաքուր էջից: Եվ երեկվա, այսօրվա ու վաղվա հոդվածների համար չունեն պատասխանատվություն` ո՛չ հեղինակները, ո՛չ ընթերցողները: Որովհետև թերթն ընդամենը լուրերի համախումբ է, որը հաջորդ իսկ պահին դառնում է անցյալ և հազվադեպ միայն ապագա:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում ապրում են մարդիկ, ովքեր ունեն իրական հոգսեր, իրական խնդիրներ, իրական երազանքներ ու իրական կարիքներ: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը բարդ տարածաշրջանային աշխարհագրություն ունեցող երկիր է, որի ժողովրդագրական, անվտանգային, մակրոտնտեսական և այլ մարտահրավերները շատ իրական են: Դրանք պահանջում և պահանջելու են իրական հոգատար լուծումներ:
Պոպուլիզմն ու բռնապետությունը լավ ապրելու ուղղությամբ չեն տանում ու չեն էլ կարող տանել: Բռնապոպուլիզմը չի երաշխավորում երկրի անվտանգությունն ու քաղաքացու բարեկեցությունը: Ճիշտ հակառակը:
Եթե դեռ երեկ փրփրած ապացուցում էին, որ այսուհետ արդեն ամեն ինչ շա՛տ ու շա՛տ լավ է լինելու, ապա այսօր արդեն փրփրած ապացուցում են, որ ամեն ինչ ավելի վատ չէ, քան 2 տարի առաջ էր: Միառժամանակ հետո նույն եռանդով ապացուցելու են, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Զանգվածային հիպնոսը դանդաղ դառնում է իշխանության գործունեության միակ ուղղությունը: Երկրաչափական պրոգրեսիայով աճող ձախողումները ծածկելը շուտով կխլի իշխանության ողջ ժամանակը` անընդմեջ համոզելու բոլորին, որ սխալ են ընկալել իրականությունը և այն լրիվ ուրիշ է: Այդ փուլն արդեն իսկ սկսվել է:
Այս ամենը պետք է ավարտվի: «Հեռացնել շարքային պացիենտին»` սա է Երկիր- «Հայկական ժամանակի» վերջակետի բանալին: Որքան արագ, այնքան ավելի շատ բան կմնա չավերված ու այնքան ավելի արագ կլինի վերականգնումը: Արդյո՞ք մենք դա գիտակցում ենք: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ամեն հաջորդ ամիս գիտակցողների մեծ բանակին ավելանում է բնակչության ևս 2 տոկոսը կամ ավելի քան 50 հազար մարդ, կամ մոտ մեկ քաղաք: Մենք իսկապե՛ս շատ ենք: Մեր ժողովուրդը օժտված է բացառիկ տաղանդով անգամ մահաբեր թմրությունից դուրս գալու արագության մեջ: Ու անհավանական արագությամբ գալիս է նոր թրենդ, նոր շարժում, որ կոչվում է «Վե՛րջ Երկիր-«Հայկական ժամանակին»:
Իսկ եթե մենք` բոլորս, և դու, մասնավորապես, խորությամբ ընկալել ես սպասվող աղետի շոշափելի լինելը, եթե քեզ համարում ես տեր՝ երկրին ու ապագային, եթե քեզ տեսնում ես նոր թրենդի մեջ ու պատրաստ ես միանալ «Վե՛րջ Երկիր-«Հայկական ժամանակին» շարժմանը, ուրեմն անելիք ունես: Քո հեղափոխությունը սկսված է:
Հետևաբար, ի՞նչ պետք է անես դու.
1.Խոսի՛ր
Գիտեմ` դու ասելիք ունես: Նույնիսկ ճիչ: Դու հոգնել ես ապրել ամենօրյա նյարդային միջավայրում: Քեզ արդեն խանգարում է տեղեկատվության բոլոր աղբյուրներից հորդացող հարայհրոցը, գոռոց-ճղճղոցը, ամեն օր հրամցվող նոր «թշնամիների» պարտադրանքը, «ամեն ինչ լավ է»-ի` կեղծ տեսարանների առատությունը: Իրականում պարզ է, որ ցանկացած առողջ հոգեբանությամբ մարդ ցանկանում է հանգիստ առօրյա, ցանկանում է ապրել իր խնդիրներով, երեխաների ուսման հոգսով, ունենալ նպատակներ, ծրագրել իր անելիքը՝ առաջիկա ամսվա, տարվա կամ ապագայի համար։ Այսօր դա անհնար է անել, երբ շուրջբոլորը մոլագար գոռգռոց է, անառողջ ու չդադարող աղմուկ։
Իրականում ամեն ինչ քո ձեռքերում է. անջատիր քեզ մտածել խանգարող աղմուկն ու ի՛նքդ խոսիր: Խոսիր բարձրաձայն, այլ ոչ թե ինքդ քո հետ: Այսօրվա խոսացողներից որևէ մեկը քեզնից խելացի չէ, և, որ ավելի կարևոր է, քեզնից իրական չէ: Խոսի՛ր, մաս դարձի՛ր նոր թրենդին, նոր շարժմանը: Խոսի՛ր աշխատավայրում, խոսի՛ր բակում, հյուր գնալիս ու բարեկամական շփումներում:
2.Մի՛ վախեցիր
Կարող է թվալ, թե այսօր ռեժիմին հակառակվողներին կալանավորում են կամ խայտառակում, քեզ կամ հարազատներիդ: Սո՛ւտ է: Իհարկե շատ կուզեին, բայց չեն կարող: Անշուշտ, հանցավոր թիմակիցների արարքները ծածկելը տեսնում ենք ամեն օր: Անշուշտ, այլախոհների դեմ կալանքը որպես քաղաքական գործիք օգտագործելն էլ տեսնում ենք անընդհատ: Դա ավելի շատ արվում է քո ընկալումների համար, որ քեզ թվա, թե յուրաքանչյուր հակառակ միտք ասողին, բարձրաձայնողին կձերբակալեն: Հիմարություն է: Մի՛ վախեցիր, որ չխաղաս կիսագրագետ քաղաքականություն իրագործողների խաղը: Կա ավելի մեծ վախ՝ դա վաղը վախենալու այլևս ոչինչ չունենալն է, դա տեսանելի աղետն է, որի համեմատ ներկա հորինովի և թվացյալ վախն ուղղակի խաբկանք է:
3.Պահանջի՛ր
Իրենք կան, քանի որ կաս դու: Դու ես իրենց աշխատանք տվել: Նրանք դա շփոթել են գահի հետ: Քո հույսը դեպի պայծառ ապագա վերածել ես քվեի, իսկ նրանք քո քվեն ընկալել են ոչ թե որպես պարտավորություն, այլ միջոց: Դու չէիր քվեարկում հանուն կեցավայրի միլիոնավոր դոլարի նորոգման, մասնավոր ինքնաթիռի ու գերթանկարժեք ավտոմեքենայի համար, այլ ակնկալում էիր հոգսի թեթևացում ու արդյունավետ աշխատանք, արդարություն և օրենքի գերակայություն: Նրանք խոստացան, բայց արդյունքի փոխարեն սկսեցին ծածկադմփոց անել խայտառակությունները և որդեգրեցին կեղծ արդյունք-հեքիաթներ մատուցելու մարտավարությունը: Քեզ խոստացել են, ուրեմն պահանջի՛ր. թող արագաչափերը հանվեն, գազն ու էլեկտրաէներգիան էժանանան, վերելակները փոխարինվեն-մեծացվեն, չէ՞ որ խոստացել են։ Պահանջի՛ր խոստումների կատարում: Պահանջի՛ր բոլոր քո ունեցած հնարավորություններով, խոսի՛ր, գրի՛ր ու արձագանքի՛ր:
4.Մերժի՛ր վիրտուալ իրականությունը
Սոցիալական ցանցերում վաղուց արդեն գործում են իշխանական պրոֆեսիոնալ շատ մեծ բանակներ: Նրանք նպատակ ունեն հրահանգավորված վիժեցնել ցանկացած խնդրի քննարկում, հայհոյել այլախոհներին, անընդհատ կերտել նոր թշնամիներ և ստեղծել կեղծ իրականություն, իբր ամբողջ ժողովուրդը իշխանության հետ է, իսկ ցանկացած բացասական երևույթի համար մեղավոր են հնարավոր բոլոր ուրիշները, բայց ոչ իշխանությունը: Հետևաբար հաղթի՛ր այս կեղծ, վիրտուալ իրականությանը: Մի՛ կարդա, պարզապես մի՛ կարդա: Սոցիալական ցանցերում քեզ հետ շփվելու հնարավորություն տուր միայն իրական մարդկանց, մերժիր ցանկացած կեղծը: Մի՛ կարդա «քոմենթներ», դրանք արտադրվում են հրահանգով, ավտոմատացված համակարգերով. դրանց հետևում չկան իրական մարդիկ, կան բանաձևեր՝ հայհոյել, խայտառակել կամ լռեցնել։ Դրանց արտադրության վրա ծախսվում են հանրային մեծ միջոցներ: Մերժիր կեղծ վիրտուալ իրականությունը, դա Հայաստանում հատուկ նպատակով ստեղծված ժամանակակից հանրային թմրամիջոց է և զենք` ստեղծողների ձեռքին:
5.Դատի՛ր ինքդ
Ամենօրյա գլուխգովանության, անվերջ «սելֆիների» հոսքի, արքայավայել ճամփորդությունների, չընդհատվող միջոցառում-տեսարանների տակ միշտ փորձիր հասկանալ քո ու քո ընտանիքի համար հնարավոր իրական օգուտը. կա՞, թե՞ չկա: Տվյալ տեսարանը որևէ կերպ, որևէ իրական ծրագրով բարեկեցության բարձրացման հնարավորություն ավելացնու՞մ է, երեխաների կրթության կամ ծնողների առողջական խնդիրների լուծման նոր ճանապարհ բացու՞մ է, ինչ-որ չափով ավելացնու՞մ է մեր երկրի անվտանգության մակարդակը: Եթե ոչ, անջատի՛ր հեռուստացույցը և գնա՛ զրուցելու ընկերներիդ հետ: Գիտեմ, որ մերժել ես անցյալը, բայց անցյալը մերժել չի նշանակում մեխանիկորեն համաձայնել ներկայի բոլոր դատարկաբանությունների ու սպառնալիքների հետ: Մերժել ներկան, չի նշանակում վերադարձ անցյալին: Թույլ մի տուր, որ անցյալի հանդեպ քո բարկությունը զենք դարձնեն քո դեմ ներկայում: Գնա՛ զրուցելու ընկերներիդ հետ. միասին դուք ավելի խորը կտեսնեք իրականությունը:
6.Հիշի՛ր, քեզ չվերաբերող անարդարություն չկա
Մեր օրերի ամենամեծ խաբկանքն այն է, թե աչքի չընկնելով, ոչինչ չանելով կամ շողոքորթելով իշխանությանը, կարելի է խուսափել պետական բռնությունից: Ուրիշի հանդեպ ընդգծված անարդարություն կամ բռնություն չի լինում: Վաղ թե ուշ հերթը քեզ էլ կհասնի: Չկանգնեցի՞ր այսօր ակնհայտորեն սեփական կարծիքի համար հանիրավի պատժվողի, վարկաբեկվողի կողքին, վաղը, երբ հասնի քո հերթը, մենակ կլինես: Միշտ ձայն բարձրացրու իշխանական «բեսպրիդելի» դեմ, որ մենակ չմնաս:
7.Թիմ հավաքիր
Բազմապատկվող խնդիրներին արձագանքն իշխանության կողմից ավելացող կեղծիքն ու ահագնացող բռնությունն է լինելու` ձեռագիրն արդեն պարզ է: Եթե գտել ես համախոհների այն խումբը, որտեղ հարմարավետ ես զգում, քննարկիր նաև ինքնակազմակերպվելու, միասին գործելու, միասին պաշտպանվելու և խնդիրներ լուծելու տարբերակները: Ծանր շրջանը նոր է սկսվում. քննարկիր քեզ, ձեր ընտանիքները համակարգված պաշտպանելու քո ու համախոհներիդ հնարավորությունները:
Ի վերջո, թույլ մի՛ տուր կործանման տանող իշխանությանն ամեն հիմար քայլից հետո թաքնվել քո մեջքի հետևում: Թույլ մի՛ տուր ամեն անհեթեթություն ասել քո անունից: Մի՛ դարձիր վաղվա աղետի պատասխանատուն: Այդ պատասխանատուն դու չես, բայց դրան տանում են քո անունից ու կդարձնեն քեզ: Թիմ հավաքիր, որ միասին դուրս գաք կենդանի պատնեշի այն դերից, որ այսօր պարտադրել են ձեզ:
Եվ վերջում։ Սա հեղափոխական թերթիկ չէ, ոչ էլ մանիֆեստ կամ գործողությունների հրահանգ։ Սա երկիրը փրկելու, թևաթափ չլինելու, իշխանական անբովանդակ աղմուկի մեջ քիչ թե շատ կողմնորոշվելու ուղեցույց է։ Երբ երկրում արտաքուստ ոչինչ ճակատագրական չի կատարվում, դժվար է հավատալ նրանց, ովքեր գուժում են մոտալուտ աղետը։ Երբ երկրում զուռնա-դհոլի ձայնը չի մարում, դժվար է լսել պրագմատիկներին։ Երբ անպատասխանատու, բայց ճարտար խոսքը խլացնում է ցանկացած մտահոգություն, իհարկե այլախոհները կարող են անհամոզիչ թվալ։ Բայց ցավոք սրտի, այն, ինչ զգում ենք բոլորս՝ մի մասը կանխատեսում է, մյուսը մասը` կանխազգում, լինելու է։ Սկսվել է: Եվ մոտալուտ աղետը՝ լինի տնտեսական, անվտանգային թե հանրային, ուղիղ համեմատական է լինելու այն ծավալին, որով այսօր արդեն պետք է չափվի այս իշխանության ընդդիմախոսների քանակը։ Որքան շատ լինենք այսօր, այնքան փոքր կլինի վաղվա աղետը։ Հետևաբար պետք է գործել։ Անհապաղ ու հենց այս պահից։
Հ.Գ. Գործընթացը սկսված է։ Մեր մայրենիի ու պատմության համար Երևանի կենտրոնում փողոց են դուրս եկել փայլուն երիտասարդներ։ Փարիզում դեմ առ դեմ իրենց բողոքի ձայնն են հնչեցնում իրականությունը հավուր պատշաճի ընկալած մեր հայրենակիցները։ Վաղը Մարզահամերգային համալիրում Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի կունենա «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը։ Շատ ու շատ այլ գործընթացներ արդեն իսկ սկսվել են։ Միացեք, որին կուզեք։ Կամ ստեղծեք նորը։ Սխալ է միայն ոչինչ չանելը»։