Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Թե իրականում ինչպես է ներկա կառավարությունը վերաբերվում Հայոց եկեղեցուն, նրա հոգևոր ու մշակութային ժառանգությանը, բացահայտվեց նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ «Առաջին ալիքի» հեռարձակած «ԿԳՄՍ նախարարության օրենքի նախագծի քննարկումներ» հաղորդման ժամանակ։
Հաղորդմանը հատուկ հրավիրված էր մի անձնավորություն, որը չթաքցնելով իր հակակրանքն ու ատելությունը Հայոց եկեղեցու նկատմամբ, զրպարտեց հայոց կաթողիկոսներին՝ հայտարարելով, թե օտար տիրապետության օրոք նրանք «երբեք իրենց ժողովրդի կողքին կանգնած չեն եղել», այլ իբր մտահոգված են եղել միայն սեփական մերկանտիլ շահերով։
Ահա այսպիսի անզուսպ չարախոսությամբ «Առաջին ալիքն» իր աշխարհասփյուռ եթերով անարգեց մեր փառահեղ հայրապետների հիշատակը, որոնց բացարձակ մեծամասնությունը Հայաստանին և հայ ժողովրդին ծառայել է անմնացորդ նվիրվածությամբ։ Այս կեղծիքով «Առաջին ալիքն» անարգեց նաև մեր միլիոնավոր նախնիներին՝ մեր պապերին ու նախապապերին, որոնց համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը գերսրբություն ու հոգևոր ապավեն է եղել ամենածանր ու դժնդակ պատմական դարաշրջաններում։
Հաղորդման վարողը՝ ոչ անհայտ Պետրոս Ղազարյանը, դեռ քիչ է, որ հրավիրել էր ճանաչված եկեղեցատյացին, ծպտուն անգամ չհանեց պատմական փաստերի այսպիսի ցինիկ աղավաղման կապակցությամբ։
Ավելին, նույն հաղորդմանը ներկա ԿԳՄՍ տխրահամբավ նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նույնպես որևէ կերպ չհակադարձեց այս սանձարձակ զրպարտանքին։ Այսպիսով, և՛ Հանրային հեռուստատեսությունը՝ ի դեմս տվյալ հաղորդման հեղինակ ու պատասխանատու Պետրոս Ղազարյանի, և՛ հաղորդմանը ներկա պաշտոնական անձը՝ նախարարի խորհրդականը, պարզորեն ի ցույց դրեցին ինչպես իրենց, այնպես էլ ՀՀ կառավարության իրական վերաբերմունքը Հայոց եկեղեցու նկատմամբ, որը, մեղմ ասած, բարյացակամ ու լավամիտ չէ։
Արձանագրենք այս հանգամանքը։ Չխարխափենք անորոշության մեջ։ Զգոն լինենք։
Հ. Գ. Ի դեպ, պատմական իրականության աղճատման թեկուզ միայն այս աղաղակող դեպքն ինքնին բավարար է համոզվելու համար, թե որքան կարևոր է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դպրոցում»: