Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Մարտի 1-ի գործը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացրեցին:
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մատնանշեց, որ վերջին մի քանի նիստերին նախագահող դատավորի կայացրած դատական ակտերն ու դրանցից հետո պաշտպաններին հասանելի դարձած որոշակի տեղեկատվությունը հիմք են տվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու դատարան:
Փաստաբանը մասնավորապես շեշտեց, որ սույն գործով սեպտեմբերի 20-ին դատավոր Աննա Դանիբեկյանը կայացրել է որոշում, որով մերժել է իր միջնորդությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ:
Խուդոյանի խոսքով՝ դատարանը պատճառաբանել էր, որ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելու դեպքում դատավարությանը խոչընդոտելու, կողմերի վրա ազդեցություն ունենալու վտանգը նվազել է, բայց ամբողջությամբ չի վերացել, և այդ պարագայում գրավ չի կարող կիրառվել:
Փաստաբանը փաստեց, որ դատավոր Դանիբեկյանը նախկինում իր պրակտիկայում կիրառել է ՄԻԵԴ և ՍԴ նախադեպային որոշումները՝ դատավարությանը խոչընդոտելու վտանգի առկայության դեպքում կիրառել է գրավ, սակայն Ռոբերտ Քոչարյանի գործով չի կիրառում դրանք, և պաշտպանների միջնորդությունները ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին հաջորդաբար մերժվում են:
«Դատավորն իր գործունեության ընթացքում հղումներ է կատարել այն փաստերին, որոնք արտահայտում են այդ դիրքորոշումը: Եվ, ըստ այդմ, հաշվի առնելով, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի, որը պայմանավորված չէ օբյեկտիվ հանգամանքներով, խնդրում ենք ինքնաբացարկ հայտնել»,- նշեց Խուդոյանը:
Քոչարյանի փաստաբանների խոսքով՝ իրենք չեն ասում, որ որևէ դատական գործի կամ այս գործի փաստական հանգամանքները նույնական են: «Մենք ընդամենը ասում ենք, որ նախագահող դատավորը նախապես տեղյակ է եղել այնպիսի իրավական հիմնավորումներից, որոնք թույլ են տալիս գրավ կիրառել դատավարությանը խոչընդոտելու վտանգի հիմքի առկայության դեպքում, սակայն դատավորը հետագայում կայացրել է որոշում և արձանագրել, որ այդպիսի հիմքեր առկա չեն, դա էլ հենց կանխակալ վերաբերմունքի հիմնական դրսևորումն է»,- ասացին նրանք:
Մեղադրող դատախազները, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը, նշեցին, որ դատարանի՝ սեպտեմբերի 20-ի որոշմամբ նշված է, որ խափանման միջոց գրավը և չհեռանալու մասին ստորագրությունը ի զորու չեն տվյալ դեպքում չեզոքացնել Քոչարյանի կողմից դատավարության մասնակիցների վրա ազդելու, դատավարությանը խոչընդոտելու ռիսկը, դրա համար դատարանը դրանց կիրառումը համարել է ոչ նպատակահարմար:
Դատախազների դիտարկմամբ՝ դատարանն այս պարագայում Քոչարյանի համար ոչ թե չի կարող գրավ կիրառել, այլ նպատակահարմար չի համարել կիրառել, հետևաբար՝ փաստաբանների միջնորդությունը պետք է մերժվի:
Տուժող կողմը միացավ դատախազների՝ նախագահող դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու առաջարկին:
Այսօր նիստին ներկա էր տուժողներից մեկի՝ Սուրեն Հովհաննիսյանի պաշտպան Մարինա Պողոսյանը, որը նախորդ նիստում հայտնել էր, որ թեև ինքը չունի փաստաբանի արտոնագիր, սակայն հանդես է գալիս որպես տուժողի պաշտպան:
Նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության քննարկման ընթացքում տուժողներից մեկի ներկայացուցիչը խորհրդատվություն էր տրամադրում իր պաշտպանյալին, որն առաջացրեց Մ.Պողոսյանի զայրույթը, և վերջինս անտեղյակ լինելով նրանց դատավարական կարգավիճակից՝ կարծեց թե երկու տուժող են զրուցում և հայտարարեց՝ «Տուժողը ճնշում է գործադրում իր կողքը նստած մեկ այլ տուժողի վրա՝ ասելով. «Ասա՛, որ համաձայն ես»: Թող տուժողն իր անունից խոսի, սա՝ որպես դիտարկում, որ բոլորը լսեն»:
Ի պատասխան Մարինա Պողոսյանի այս դիտարկմանը՝ նախագահող դատավոր Դանիբեկյանը հարկ համարեց դատավարության կողմերին տեղեկացնել, որ Մ.Պողոսյանի նշած երկու տուժողներից մեկը ոչ թե տուժող է, այլ տուժողի ներկայացուցիչ և իր լիազորությունների շրջանակներում կարող է իրավաբանական օգնություն ցույց տալ իր վստահորդին:
Դատարանը ընդմիջեց նիստը խորհրդակցական սենյակ գնալու և որոշում կայացնելու համար:
Որոշումը հրապարակվեց ժամը 16:00-ին. դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից նախագահող դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց:
Նարա Մարտիրոսյան