Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց իրեն ԲՀԿ-ից հեռացնելու գործընթացի մասին: Ըստ նրա` այդ գործընթացը խիստ անօրինական է: Պետրոսյանի խոսքով` գոյություն ունի համապատասխան օրենք, որի համաձայն` կուսակցությունից հեռացվելու վճիռը պետք է գրավոր ձևով ներկայացվի հենց այն մարդուն, ում կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացվել, մինչդեռ` իր պարագայում նման կերպ չեն վարվել:
Նա պատմեց, որ 2010 թվականից լքել է ԲՀԿ-ն, հետո 2015 թվականին հրավեր է եղել կուսակցության ղեկավար Զոհրաբյանի կողմից, և ինքը վերադարձել է կուսակցություն: «ԲՀԿ վերադառնալու իմ առաջին պայմանը եղել է այն, որ կարծիք արտահայտելու ազատություն ունենամ, բայց, անշուշտ, պահպանեմ նաև կուսակցության գիծը, և պատասխանատու որոշումներ կայացնելիս բոլորի կարծիքն էլ հաշվի առնվի: Սա արժանացավ կոշտ դիմադրության, ընդդիմախոսություն դիտվեց. դեմ էի օրակարգի այն հարցին, թե պետք է արտահերթ համագումար հրավիրվի` Զոհրաբյանի լիազորություններն ավելացնելու համար: Նա արհեստականորեն անընդհատ խոչընդոտում էր իմ մասնակցությանը կուսակցությունում կատարվող գործերին: Կուսակցության ղեկավարի` ոչ մի նպատակի չծառայող քաղաքականությունից բողոքում էին շատերը, միայն ես չէ»,- ասաց Պետրոսյանը` հավելելով, որ ԲՀԿ-ի գաղափարախոսության բացակայությունը պայմանավորված է նրանով, որ եթե հատուկ գաղափար ամրագրվի, Նաիրա Զոհրաբյանը չի կարողանա մանևրել և չի գնալ միայն իր հռչակած գաղափարախոսությամբ:
Պետրոսյանի խոսքով`Նաիրա Զոհրաբյանն ուղղակի քանդում է կուսակցությունը: «Մինչև տիկին Զոհրաբյանը, ասում էին, որ ԲՀԿ-ն բարեգործական է, բայց նրա ղեկավար լինելուց հետո նա պետք է անցում կատարեր քաղաքականությանը, բայց դա առայժմ բացակայում է»,- ասաց նա:
Ըմբոստ, իր իսկ պնդմամբ` օրենսդրությամբ դեռևս ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը դժգոհում է նաև նրանից, որ Նաիրա Զոհրաբյանը խուսափում է նաև քաղաքական խորհրդի նիստեր գումարելուց, համագումար գումարելուց: «Նա ասելիք չունի ո\'չ համագումարում, ո\'չ էլ քաղաքական խորհրդի նիստում: Զոհրաբյանին պարզապես հակացուցված է քաղաքականությամբ զբաղվելը: Ամսի 12-ին որոշում է կայացվել, որ ինձ հեռացնում է կուսակցությունից, բայց այդ որոշումն ինձ չի հանձնվել, ես գրավոր դիմում եմ ներկայացրել, տեղեկատվություն եմ հայցել և խնդրել գրավոր հայտնել ինձ կուսակցությունից հեռացնելու պատճառը, բայց ինձ դա չի հանձնվել: Զոհրաբյանը միայն ասել է, որ այդ որոշումը կուսակցությունում է, և ես կարող եմ գնալ, վերցնել: Բայց կարող է Արագածի գագաթին լիներ, ես պետք է գնայի, վերցնեի՞, ինչ է»,- ասաց Պետրոսյանը և ընդգծեց, որ Զոհրաբյանն իր հետ չի զրուցել կուսակցությունից հեռացնելու մասին, ինչը, ըստ նրա, պարզապես անընդունելի է:
«Ես չեմ զրույցել Նաիրա Զոհրաբյանի հետ: Գուցե ինձ մեկն ահաբեկել էր, որ ես նման հարցազրույց եմ տվել, բա դու` որպես ղեկավար, ինչո՞ւ չես ինձ հետ զրուցել, այլ շտապել ես Ավանի գրասենյակ և հինգ րոպեում քաղաքական խորհրդի ներկայացուցիչներին հավաքել ու որոշում կայացրել»,- նշեց նա:
Ի դեպ, Պետրոսյանն ասաց, որ 2017 թվականի ընտրություններին բոլորն են պատրաստվում, և ինքն էլ կարող է մնալ ԲՀԿ-ում, անգամ` Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե Զոհրաբյանը փոխի մարտավարությունը:
Հարցին` գուցե ուզում եք, որ կուսակցության ղեկավարը փոխվի, և, մասնավորապես, կարո՞ղ է ղեկավարումն իրականացնել Աբրահամ Մանուկյանը, նա պատասխանեց, որ Մանուկյանը բավականին փորձառու է, բայց առաջ ընկնել պետք չէ:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր գործությունություն է ծավալելու, Պետրոսյանը պատասխանեց, որ միայն հայտարարելով չէ, պետք է քայլերով ապացուցել քաղաքական հայացքները, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ իր քայլերով, տարբեր նախագծերին կողմ քվեարկելով, անում է ճիշտ հակառակը: «Սահմանադրության պարագայում էլ ասեմ, որ այն ընկեցիկ երեխա չէ, որ ծնես ու լքես: Նույն էլ Սահմանադրությունն է, եթե կողմ ես եղել, պետք է քաղաքական պատասխանատվություն ունենայիր, կիսեիր պատասխանատվությունը: Նաիրա Զոհրաբյանն իր պահվածքով շարժում է բոլոր երկնային ու երկրային էակների զայրույթը»,- ասաց նա:
Պետրոսյանի խոսքով` ԲՀԿ-ի ինքնամաքրումը պետք է սկսվի Նաիրա Զոհրաբյանից: «Նաիրա Զոհրաբյանն իր հրոսակների միջոցով «Ֆեյսբուք»-ում իմ անձնական նկարներն է հրապարակում: Բա որ ես սկսեմ նկարներ հրապարակել, հաստատ ես չեմ լինի տուժողը»,- եզրափակեց նա: