կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-26 19:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաշնակցությունը հայ ժողովրդի ընտանիքն է. Հայաստանում մեկնարկել են ՀՅԴ 129-ամյակին նվիրված միջոցառումները

Հայաստանում մեկնարկել են Հայ Հեղափոխական Դաշնակցության 129-ամյակին նվիրված միջոցառումները:

Դաշնակցությունը հայ ժողովրդի ընտանիքն է. Yerkir.am-ի փոխանցմամբ` ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը այսօր` հոկտեմբերի 26-ին, Արթիկի Տիգրան Մասուրյանի անվան մշակույթի տան դահլիճում անցկացված  մեկնարկային տոնական միջացառման ժամանակ:

ՙՙԴաշնակցությունը երիտասարդների ընտանիք է, որովհետև այն մի արժեհամակարգ է, որտեղ ազգային մտածողություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդ իրեն տեսնում է որպես կարևորագույն դերակատար:

Դաշնակցությունը մեր ծնողների ընտանիքն է, որովհետև պաշտպանում է ավանդական ընտանիքը:

Դաշնակցությունը նաև մեր հոգևոր ընտանիքն է, որովհետև Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցու պաշտպանն ու առաջամարտիկն է` լինի ռազմի դաշտում, թե քաղաքացիական կյանքում: Ու պատահական չէ, որ այսօրվա այս դժնդակ օրերին ՀՅԴ-ն հանդես է գալիս մեր ավանդական արժեքները պաշտպանելու դիրքերից՚՚,-ասել է նա:

Նաև հավելել է, որ ՀՅԴ-ն մերժում է ցանկացած վարքագիծ, որի նպատակն այս արժեքներին հարված հասցնելն է:

ՙՙՄենք մերժում ենք ցանկացած համաձայնություն, որն ուղղված է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգությանը: Մենք կողմ ենք համախմբմանը, մենք կողմ ենք մեր ուժերը մեկտեղելով` կերտելու մեր երազանքների Հայաստանը: Եվ հետևաբար, այսօր եկել է ժամանակը, որ այս 129-ամյա բարձունքից, այս 7 սերունդների պայքարից հետո մենք արժևորենք, գիտակցենք ու հասկանանք, որ ՀՅԴ-ն հայ ժողովրդի ընտանիքն է, յուրաքանչյուր հայի նվիրական երազանքների միջոցն է. ուրեմն ուշ չէ նաև այն օրը, երբ ՀՅԴ տարեդարձը պետք է նշվի նաև պետականորեն` ձեր բոլորի մասնակցությամբ և ձեր բոլորի իշխանությամբ՚՚,-ասել է Արծվիկ Մինասյանը:

Ելույթներով հանդես են եկել նաև ՀՅԴ Արթիկի ՙՙԹաթուլ Կրպեյան՚՚  կոմիտեության ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը և ՀՅԴ Լիբանանի ԿԿ անդամ Մելիք Գարագավուրյանը:

Ելույթներին հաջորդել է գեղարվեստական մաս: